Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
Քաղաքականություն
20.08.2026 | 09:29
Հայաստանի Հանրապետության կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում առանձնացվում են Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը։
Ադրբեջանի ուղղությամբ Կառավարությունը նախատեսում է շարունակել խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Նախատեսվում է նաև ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ու գործարար համայնքների շփումները և երկկողմ առևտուրը։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում Կառավարությունը նախատեսում է աշխատել դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանը բացելու և առնվազն երկու արդիական անցակետ գործարկելու ուղղությամբ։ Ծրագրում ներառված է նաև տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ընդլայնումը։
Իրանի հետ նախատեսվում է խորացնել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խորացնելով էներգետիկ համագործակցությունը և զարգացնելով սահմանային ենթակառուցվածքները։ Առանձին շեշտադրվում է Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» ուղղություններով։
Վրաստանի հետ Կառավարությունը նախատեսում է շարունակել ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի իրագործումը՝ զարգացնելով քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը։
Եվրամիության հետ նախատեսվում է խորացնել ռազմավարական համագործակցությունն ու ինտեգրումը՝ CEPA-ի լիարժեք կիրարկման և եվրոպական չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ։ Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև ավարտին հասցնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը ևս նախատեսվում է խորացնել։ Կառավարությունը նախատեսում է զարգացնել երկկողմ և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել TRIPP նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ և Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ինտեգրելու միջոցով։
Ֆրանսիայի հետ հարաբերությունները, ըստ ծրագրի, պետք է բարձրացվեն որակական նոր մակարդակի՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, կրթական և ապակենտրոն գործընկերության ոլորտներում։
Ռուսաստանի հետ նախատեսվում է փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսության շարունակություն՝ հարաբերությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններին համապատասխան վերափոխելու, զարգացնելու և խորացնելու նպատակով։
Չինաստանի հետ Կառավարությունը նախատեսում է շարունակել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակին բարձրացնելու ուղղությամբ աշխատանքները։
Հնդկաստանի հետ նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթական, մշակութային, առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Ծրագրում նաև նշվում է Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի և Լիտվայի հետ ռազմավարական հարաբերությունների խորացման և ռազմավարական գործընկերների թիվն ու աշխարհագրությունն ընդլայնելու մասին։
ԵԱՏՄ շրջանակում Կառավարությունը նախատեսում է ապահովել աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան իրականացումը, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները անդամ և դիտորդ երկրների հետ։
Բազմակողմ հարթակներում Հայաստանը, ըստ Կառավարության ծրագրի, շարունակելու է ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Եվրոպական քաղաքական համայնքի աշխատանքներին։ Ծրագրում նշվում է նաև, որ Հայաստանը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և շարունակելու է աշխատանքը այդ ձևաչափում։
Կառավարությունը նախատեսում է նաև աշխատել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ, զարգացնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ և աստիճանաբար ավելացնել Հայաստանի դիվանագիտական ներկայությունը արտերկրում և միջազգային կազմակերպություններում։
Նարեկ Կիրակոսյան

