Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Քաղաքականություն
19.08.2026 | 18:20
Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել աֆրիկյան հարցերի շուրջ։ Քննարկվել են Աֆրիկայում քաղաքական և անվտանգային զարգացումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման և համատեղ զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Օգոստոսի 17-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշառը:
Զրուցակիցները քննարկել են Աֆրիկյան մայրցամաքում տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Աֆրիկյան ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման և Աֆրիկայում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

