Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
Հասարակություն
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների տառերը պոկելու դեպքով ձերբակալված 41-ամյա տղամարդը, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման կարիք ունի։ Քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի, իսկ տղամարդու նկատմամբ դատարանը բժշկական հսկողություն է կիրառել, Factor.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ՆԳՆ-ն ստացել էր տեղեկություններ այն մասին, որ հունիսի 9-ին` ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նույն օրը՝ ժամը 8։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել էր ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել էր կատարածը։
«Համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը կարիք ունի հարկադիր բուժման հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, ուստի որոշում է կայացվել՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ անմեղսունակության վիճակում ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվել է բժշկական հսկողություն, և վերջինս տեղափոխվել է Գյումրու ՀԱԿ ՓԲ ընկերություն:
Նախաքննությունը շարունակվում է»,-Factor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի վանդալիզմի դեպքը վերածվել էր լայնածավալ քաղաքական շահարկումների թեմայի։ Ռուսական քարոզչական շրջանակները տեղի ունեցածը փորձում են ներկայացնել որպես «ռուսատյացության» և Հայաստանի «ուկրաինացման» ապացույց։
Հունիսի 11-ին հայտարարություն էր տարածել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ անարգանք գործելու փորձի մասին է»,- ասված էր հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև նշել էր, որ տեսնում է Գյումրիի քաղաքային իշխանությունների և հանրության կողմից տեղի ունեցածի «սուր մերժումը», սակայն միաժամանակ ակնկալում է «Հայաստանի պաշտոնական իշխանությունների հստակ գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ»։
Եվգենյա Համբարձումյան

