2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունները։

Խորհրդակցությունները վարում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները՝ առանձնացնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը։ Նրա խոսքով՝ նախորդ տարի չափորոշիչն արդեն գրեթե ամբողջությամբ ներդրված էր, իսկ այս տարի այն կներդրվի նաև 12-րդ դասարանում։ Նոր կարգավորումներով՝ միջին դպրոցում ավելացել են պետական բաղադրիչի ժամերը, իսկ տարրական և հատկապես ավագ դպրոցներում՝ դպրոցական բաղադրիչի ժամերը։

Նախագծային ուսուցման դեպքում շեշտը դրվելու է բովանդակության վրա

Նախագծային ուսուցման պահանջները ևս փոփոխվել են։ Հիմնական դպրոցում յուրաքանչյուր սովորող տարեկան պետք է իրականացնի առնվազն մեկ նախագծային աշխատանք, իսկ ավագ դասարաններում՝ առնվազն մեկ աշխատանք՝ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաներից։

«Չպետք է մոռանանք, որ նախագծային ուսուցումը միջոցառման պլանավորում չէ»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ առաջնայինը նախագծի արդյունքում սովորողի ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն են։

Նոր առարկաներ՝ «Առողջ ապրելակերպ» և «Անվտանգ կենսագործունեություն»

Հանրակրթության պետական չափորոշչում իրականացված փոփոխություններով՝ «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում դառնում է առանձին առարկա։ Նույն դասարաններում դասավանդվելու է նաև «Անվտանգ կենսագործունեությունը», որը հիմնականում գործնական ուղղվածություն կունենա՝ սովորեցնելով նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և գոյատևելու հմտություններ։ 11-րդ դասարանում այն նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կդառնա ավելի ճկուն

Ավագ դպրոցում առանցքային խնդիրներից մեկը 12-րդ դասարանցիների հաճախումներն են, հատկապես՝ հունվարին ընդունելության քննություններ հանձնելուց հետո։ Նախատեսվում է երկրորդ կիսամյակում նրանց համար կազմակերպել ավելի շատ նախագծային աշխատանքներ, խմբակներ և կամավորական աշխատանք, որի դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։

Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։

ԵՊՀ-ն դիմորդների շրջանում ամենապահանջված բուհն է

Միասնական քննությունների արդյունքներին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև բուհերի գրավչության ցուցանիշները։

Դիմումների թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երրորդում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև միասնական քննությունների որոշ ցուցանիշներ՝ ուշադրություն հրավիրելով աղջիկների և տղաների արդյունքների տարբերության վրա։

Երեք առարկայից միասնական քննություններին պատրաստվելու ուղեցույցներ են հրապարակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ հրապարակված ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։

Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։

Որոշ առարկաներից միավորային գնահատում չի լինի

«Արհեստ և արվեստ» և «Անվտանգ կենսագործունեություն և առողջ ապրելակերպ» ուղղություններում միավորային գնահատում այլևս չի կիրառվի։ Այն կփոխարինվի բնութագրիչներով։ Նախատեսվում է բնութագրիչներ մշակել նաև միջին դպրոցի բոլոր առարկաների համար՝ ծնողներին երեխայի առաջընթացի մասին պարբերական հետադարձ կապ տրամադրելու նպատակով։

Ուշ դպրոց ընդունված երեխաների 93 տոկոսը դրական արդյունք է գրանցել

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է, որ մայիսին արտաքին ստուգում է իրականացվել ուշ դպրոց ընդունված 469 աշակերտի շրջանում. երեխաների 93 տոկոսը ստացել է 4-ից 10 միավոր, իսկ շուրջ 47 տոկոսը՝ 8 կամ 9։ Սվաջյանի գնահատմամբ՝ արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների զգալի մասը կարողացել է հաղթահարել նախկինում ունեցած կրթական բացը։

Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկ ունեցող երեխաների թիվը նախորդ ուսումնական տարում կազմել է 1 287, իսկ ուսումը փաստացի թողել է 248 երեխա։

COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով

Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

4-րդ դասարանցիների արտաքին գնահատմամբ Երևանն առաջինն է

Առաջին անգամ անցկացվել է 4-րդ դասարանի սովորողների արտաքին գնահատում, որին մասնակցել է 1 219 դպրոց։ Հանրապետության միջին արդյունքը կազմել է 6.65, իսկ Երևանինը՝ 6.93 միավոր, ինչը հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշն է։

Երևանի բոլոր դպրոցները կհագեցվեն լաբորատորիաներով

Այս տարի Երևանի բոլոր դպրոցները կհագեցվեն լաբորատորիաներով, և ակնկալվում է, որ հաջորդ ուսումնական տարվանից դրանք լիարժեք կգործարկվեն։ Մեկնարկում են նաև Երևանի ուսուցիչների և լաբորանտների համապատասխան վերապատրաստումները։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը դպրոցների ղեկավարներին հորդորել է հետևողական լինել, որպեսզի վերապատրաստումներն ու լաբորատորիաների գործարկման նախապատրաստական աշխատանքները պատշաճ իրականացվեն։

Երևանի դպրոցներում կմեկնարկի «Դպրոցական սնունդ» ծրագիրը

«Դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն գործում է հանրապետության մյուս դպրոցների տարրական դասարաններում, իսկ այս տարի դրա ներդրումը փորձնական կսկսվի նաև Երևանում։ Առաջին փուլում ծրագրում կընդգրկվեն նորակառույց դպրոցները, իսկ առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է այն տարածել մայրաքաղաքի բոլոր դպրոցներում։

Ծրագրով նախատեսվում է տարրական դասարանների երեխաներին ապահովել տաք սննդով։ Միաժամանակ Երևանի մի շարք դպրոցներում համապատասխան ճաշարանային և խոհանոցային տարածքների խնդիր կա, քանի որ տարիների ընթացքում դրանք վերածվել են դասասենյակների։ Նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պետք է աստիճանաբար լուծեն նաև ենթակառուցվածքների հարցը՝ հատկապես հաշվի առնելով դպրոցական օրվա երկար տևողությունը և երեխաների սննդի կազմակերպման կարևորությունը։

Ուսուցիչների հերթական ատեստավորման համակարգը կփոխվի

Ուսուցիչների մասնագիտական զարգացման շրջանակում նախատեսվում է վերափոխել հերթական ատեստավորման համակարգը։ Ներկայում բոլոր մոդուլներով մշակվում են էլեկտրոնային դասընթացներ, որոնք նախատեսվում է հասանելի դարձնել մինչև տարեվերջ։ Դրանք կներառեն տեսադասեր, ուսումնական նյութեր և ինքնաստուգման հարցեր։ Հետագայում վերապատրաստող կազմակերպությունները կիրականացնեն միայն գործնական հատվածը, իսկ տեսական մասը հասանելի կլինի էլեկտրոնային ձևաչափով։ Այս փոփոխությունը վերաբերում է հաջորդ տարվա հերթական ատեստավորմանը, իսկ այս տարվա գործընթացը կշարունակվի գործող ձևաչափով։

Կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ

Ներկայացված տվյալներով՝ կամավոր ատեստավորում է անցել 9602 ուսուցիչ, որոնցից 2143-ը՝ Երևանից։ Ատեստավորման ընթացիկ փուլի համար հանրապետությունում արդեն հայտագրվել է շուրջ 1300 ուսուցիչ։

Արաքսիա Սվաջյանը դպրոցների տնօրեններին հորդորել է խրախուսել ուսուցիչների մասնակցությունը՝ նշելով, որ որոշ դպրոցներում մասնակցությունը մոտեցել է 90 տոկոսի, մինչդեռ կան դպրոցներ, որտեղ ընդամենը մեկ ուսուցիչ է մասնակցել։

«Կամավոր ատեստավորումը բնավ չի վկայում ուսուցչի լավ մանկավարժ լինելու մասին, բայց վկայում է առնվազն իր առարկան իմանալու մասին, որը բազային պահանջ է ուսուցիչ լինելու համար»,- նշել է նախարարի տեղակալը։

90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների դրույքաչափը կարող է հասնել 300 հազար դրամի

Կամավոր ատեստավորման համակարգում նախատեսվում է խրախուսման նոր մեխանիզմ։ Կառավարության նոր ծրագրով՝ 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների համար հաջորդ ատեստավորման ժամանակ նախատեսվում է հնարավորություն՝ 200 հազար դրամի փոխարեն ունենալ 300 հազար դրամ դրույքաչափ։

Նպատակն է՝ խրախուսել ուսուցիչներին շարունակաբար զբաղվել մասնագիտական զարգացմամբ։ Կամավոր ատեստավորման լրամշակված կարգը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել հանրային քննարկման։ Նոր մեխանիզմը, ըստ ներկայացված տեղեկատվության, այս տարվա ատեստավորման վրա չի տարածվի և նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։

Ատեստավորում կանցնեն նաև հատուկ մանկավարժներն ու լոգոպեդները

Նախորդ տարի առաջին անգամ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել նաև հոգեբանները: Ընդհանուր առմամբ հայտ է ներկայացրել 993 մասնագետ, որոնցից 313-ը ցուցաբերել է 69,9 տոկոս արդյունք, իսկ 9 մասնագետ՝ 90-100 տոկոս։ Այս տարի նախատեսվում է գործընթացում ընդգրկել նաև հատուկ մանկավարժներին և լոգոպեդներին։ Ակնկալվում է, որ ատեստավորումը նրանց համար ևս կդառնա մասնագիտական զարգացման և աշխատանքի պայմանների բարելավման լրացուցիչ հնարավորություն։

Մարզային դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության

Հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության գործընթացի շրջանակում այս տարվա սեպտեմբերից մարզային ենթակայության բոլոր դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության։ Միաժամանակ նախարարության ենթակայության դպրոցների վարչատնտեսական կառավարումը կփոխանցվի մարզերին։

Նախատեսվում է, որ հաջորդ տարվա սեպտեմբերից նույն գործընթացը կմեկնարկի նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների համար։ Մինչ այդ դպրոցներին կտրամադրվեն համապատասխան պարզաբանումներ և ուղղորդումներ։

Կմեկնարկի տնօրենների գործուղման գործընթացը

Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև դպրոցների տնօրենների գործուղման գործընթացը։ Երևանում ևս կան գործուղման հետաքրքրություն ներկայացրած թեկնածուներ։

Գործող կարգի համաձայն՝ եթե դպրոցի տնօրենի մրցույթը առնվազն երեք անգամ չի կայանում, կարող է կիրառվել գործուղման մեխանիզմը։ Առաջնահերթությունը տրվելու է այն դպրոցներին, որտեղ ոչ միայն մրցույթները չեն կայանում, այլև ընդհանրապես թեկնածուներ չկան։ Նման դեպքերը հիմնականում վերաբերում են գյուղական դպրոցներին։

Տնօրենների գործուղումը ևս նախատեսվում է կազմակերպել թափուր աշխատատեղերի կառավարման էլեկտրոնային հարթակի միջոցով։

Թափուր աշխատատեղերը կկառավարվեն էլեկտրոնային հարթակով

Դպրոցներում թափուր աշխատատեղերի և կադրերի կառավարումն արդեն իրականացվում է էլեկտրոնային համակարգով։ Թեև ներկայում դեռ կան տեխնիկական խնդիրներ, ակնկալվում է, որ դրանց կարգավորումից հետո հարթակը լիարժեք և թափանցիկ հասանելի կլինի քաղաքացիներին։ Այն հնարավորություն կտա նաև աշխատանք փնտրողներին տեսնել, թե որ դպրոցներում ինչ թափուր հաստիքներ կան։

Նախակրթարան կարող են հաճախել նաև 4 տարեկան երեխաները

Փոփոխություն է կատարվել նաև նախակրթարանների գործունեության կարգավորումներում։ Եթե նախկինում նախակրթարան կարող էին հաճախել հիմնականում 5-6 տարեկան երեխաները, ապա օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն է տրվել այնտեղ ընդունել 4-6 տարեկան երեխաների։

Դպրոցները, որոնք ունեն կամ նախատեսում են ունենալ նախակրթարան, պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն իրենց կանոնադրություններում և լիցենզիաներում։

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի թիրախները նախատեսվում է ապահովել մինչև տարեվերջ

Շարունակվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Դպրոցների և մանկապարտեզների մի մասում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ ծրագրով նախատեսված ընդհանուր ցուցանիշները նախատեսվում է ապահովել մինչև տարեվերջ։

Եթե նախորդ փուլում շեշտադրումն առավելապես մարզային դպրոցների վրա էր, ապա հաջորդ 300 դպրոցների ծրագրում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել նաև Երևանին։

Երևանում նոր դպրոցներ կկառուցվեն նաև ծանրաբեռնված թաղամասերում

Նոր ծրագրով դպրոցների ընտրությունը նախատեսվում է իրականացնել երկու հիմնական սկզբունքով։ Առաջինը վատ տեխնիկական վիճակում գտնվող դպրոցների վերակառուցումն ու հիմնանորոգումն է։ Միաժամանակ ընդգծվել է, որ նման դպրոցների թիվը զգալիորեն գերազանցում է ծրագրով նախատեսված 300-ը, ուստի առաջնահերթություն կտրվի ամենավատ վիճակում գտնվողներին։

Երկրորդ ուղղությունը նոր դպրոցների կառուցումն է այն թաղամասերում, որտեղ առկա դպրոցների հզորությունները չեն բավարարում բնակչության պահանջարկը կամ իրականացվում են խոշոր բնակարանաշինական ծրագրեր։ Այդ տարածքներում նախատեսվում է նոր դպրոցներ հիմնել և կառուցել։

Նորակառույց և վերանորոգված դպրոցների պահպանության պահանջները կխստացվեն

Առանձին շեշտադրում է արվել նաև պետական միջոցներով կառուցված կամ հիմնանորոգված դպրոցների պահպանության վրա։ Նշվել է, որ անընդունելի է, երբ մեծ ներդրումներից ընդամենը մի քանի ամիս անց դպրոցների կամ մանկապարտեզների շենքերը պատշաճ չեն պահպանվում։

Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի հետ մշակվել և դպրոցներին է ուղարկվել պահպանության վերաբերյալ համապատասխան ուղեցույց։ Հատկապես՝ խիստ պահանջներ են նախատեսվելու նորակառույց և նոր վերանորոգված դպրոցների համար։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս գործընթացների հետ է կապված լինելու նաև վարչատնտեսական համակարգողների ատեստավորումը, ուստի դպրոցների ղեկավար կազմը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի շենքերի, գույքի և ենթակառուցվածքների պատշաճ պահպանությանը։

2026/27 ուսումնական տարին՝ Ընթերցանության տարի

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2026/27 ուսումնական տարին նախատեսվում է հայտարարել ընթերցանության տարի։ Նախաձեռնության շրջանակում դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն սովորողների ընթերցանության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ միջազգային հետազոտությունների արդյունքները ևս ցույց են տալիս, որ ընթերցանությունը Հայաստանի կրթական համակարգի լուրջ խնդիրներից է, ընդ որում՝ դժվարությունները վերաբերում են տարբեր տարիքի սովորողներին։

Ընթերցանության տարվա միջոցառումների մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերի 4-ին՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս կունենա ընթերցանության թեմատիկ ուղղություն՝ էպոս, թարգմանական գրականություն, վեպ, դետեկտիվ գրականություն և այլ ժանրեր։

Նախատեսվում է, որ սովորողները ոչ միայն կընթերցեն ընտրված գրականությունը, այլև դպրոցներում քննարկումներ կանցկացնեն կարդացած ստեղծագործությունների շուրջ։

Կանցկացվեն ուսուցիչների և աշակերտների համաժողովներ

Հոկտեմբերի 5-ին անցկացվող ամենամյա ուսուցչական համաժողովն այս անգամ նվիրված կլինի ընթերցանությանը։ Նախատեսվում է նաև աշակերտական համաժողով՝ ընթերցանության խնդիրների և զարգացման հնարավորությունների քննարկմամբ։

Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել նաև տուն-թանգարաններ այցելությունների ծրագիր։ Դպրոցականները կկարողանան ծանոթանալ հայ գրողների կյանքին ու կենցաղին, ինչպես նաև իմանալ, թե ինչ գրականություն են նրանք ընթերցել։ Նախատեսվում է մրցույթ՝ առավել ակտիվ դասարաններն ու դպրոցները խրախուսելու համար։

Կվերապատրաստվեն և կատեսատավորվեն դպրոցների գրադարանավարները

Տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել դպրոցների գրադարանավարների վերապատրաստում և ատեստավորում։ Ազգային գրադարանը կմշակի նաև հատուկ ուղեցույց, որը պետք է օգնի գրադարանավարներին ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը և նպաստել դպրոցներում ընթերցանության մշակույթի զարգացմանը։

Նախատեսվում է ընթերցանությանն ուղղված նախաձեռնություններն ընդլայնել նաև բարձր դասարաններում՝ այդ թվում մրցույթների և օլիմպիադաների միջոցով։

Գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն

Ազգային գրադարանի մասնակցությամբ գարնանը նախատեսվում է կազմակերպել ընթերցանության մարաթոն՝ մանկական գրականության և տարբեր ընթերցումների ընդգրկմամբ։

Միաժամանակ դպրոցների ղեկավարներին առաջարկվում է ընթերցանության կարողությունների զարգացումը հստակ ներառել ներդպրոցական վերահսկողության ծրագրերում և պարբերաբար հետևել այդ ուղղությամբ սովորողների առաջընթացին։

Դպրոցական գրադարանների գրականությունը պարբերաբար կթարմացվի

Նորակառույց դպրոցների գրադարանները նախատեսվում է համալրել ժամանակակից գրականությամբ։ Միաժամանակ քննարկվում է դպրոցների ֆինանսավորման կարգում առանձին ծախսային ուղղություն նախատեսել գրադարանների համար։ Դա դպրոցներին հնարավորություն կտա ամեն տարի գումար հատկացնել նոր գրականության ձեռքբերմանն ու գրադարանային ֆոնդի թարմացմանը՝ լաբորատոր նյութերի ձեռքբերման համար արդեն գործող ֆինանսավորման տրամաբանությամբ։

Դպրոցներին առաջարկվում է նաև հիմնել ընթերցանության ակումբներ, որոնց շրջանակում աշակերտները կկարդան և կքննարկեն տարբեր գրքեր։ Տարվա ավարտին նախատեսվում է մրցույթ անցկացնել ակումբների միջև և ընտրել լավագույն ընթերցողներին։

Օգոստոսյան խորհրդակցություններին համընթաց ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպվում է նաև կրթական էքսպո՝ «Ամենահետաքրքիր խմբակ» (ԲՏՃՄ և հասարակագիտական բնագավառներից մեկական աշխատանք), «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք» (ԲՏՃՄ և հասարակագիտական բնագավառներից մեկական աշխատանք), «Նորարարական դասի լավագույն գաղափար» (ԲՏՃՄ և հասարակագիտական բնագավառներից մեկական աշխատանք), «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» թեմաների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: