Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.08.2026 | 20:00«Գնումների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ են կատարվել, որոնց շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Promotion ընկերութան տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ։
Նոր կարգավորումներով նախկինում գործող գնման չորս ձևերի փոխարեն գնումները բաժանվել են ակտիվ և պասիվ ընթացակարգերի։ Ակտիվ ընթացակարգերը մրցակցային գնումներն են, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդն ու երկփուլ մրցույթը։ Պասիվ ընթացակարգերի շրջանակում նախատեսվում են մի շարք նոր գործիքներ։ Դրանցից մեկը էլեկտրոնային առևտրի հարթակն է։
«Օրինակ բերեմ Amazon-ը, որտեղ ապրանքները հստակ դասակարգված են՝ իրենց գներով։ Նախատեսվում է, որ պատվիրատուն, մուտք գործելով հարթակ, կընտրի ապրանքը, և կմնան միայն առաքման ու փոխադրման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ժամկետները, այսինքն՝ երբ են լինելու վճարումները։ Դա, օրինակ, գրենական և տնտեսական պիտույքների նման՝ բոլորի կողմից հիմնականում ձեռք բերվող ապրանքների դեպքում, գործընթացը զգալիորեն կհեշտացնի»,- ասաց Հովհաննիսյանը։
Երկրորդ նոր գործիքը վստահելի միջազգային գործընկերների կարճ ցանկն է։ Նախատեսվում է կառավարության կողմից հաստատված ցանկ, որի դեպքում պատվիրատուները կարող են առնվազն երեք կազմակերպության հետ բանակցել և գնառաջարկներ ստանալ՝ առանց մրցույթ անցկացնելու։
Փոփոխություններով առանձնացվել է ռազմարդյունաբերության ոլորտը։ Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ այս ոլորտում գնումների առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ հաճախ խոսքը եզակի արտադրանքի մասին է, իսկ միջազգային ընկերությունները, սովորաբար, չեն մասնակցում փոքր շուկաների մրցույթներին։
Նոր կարգավորմամբ՝ կոնկրետ գերատեսչություններին հնարավորություն է տրվում ռազմարդյունաբերության ոլորտում գնումներ իրականացնել մեկ անձից։
Ընդլայնվում է նաև հանրային վերահսկողության շրջանակը։ Եթե գործող կարգավորմամբ նախաորակավորված հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները կարող էին վերահսկել 1 միլիոն դրամից բարձր գնումները, փոփոխություններով այդ հնարավորությունը տարածվելու է նաև 1 միլիոն դրամից ցածր գնումների վրա։
«Նույնիսկ եթե պայմանագրի գինը լինի 20.000 դրամ, նախաորակավորված հանրային հսկողության մարմինները կարող են դիմել և գնալ պայմանագրի ստուգում իրականացնել»,- ընդգծեց Promotion ընկերութան տնօրենը։
Նախատեսվում է նաև գնումների միասնական հարթակի ստեղծում, որը պետք է միավորի ներկայումս առանձին գործող համակարգերը։ Հայկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ միասնական համակարգը կարող է հեշտացնել տեղեկատվության որոնումն ու բարձրացնել թափանցիկությունը։
«Այսօր գնումների վերաբերյալ տվյալները մի քանի համակարգերում են, ինչի պատճառով, օրինակ, պայմանագրի լուծարման կամ տույժերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն գտնելը ժամանակատար է»,- նշեց Հովհաննիսյանը։
Օրենքում նոր փոփոխություններով գնումների գործընթացի տարբեր փուլերում թույլատրվում է կիրառել արհեստական բանականության գործիքներ։
Տեսլական կա, որ արհեստական բանականությունը կարող է կատարել նույնիսկ գնումների մասնագետի որոշ գործառույթներ։
«Տարբեր պետական կառույցներ կարող են նույն ապրանքը, օրինակ գրիչը, ձեռք բերել տարբեր տեխնիկական բնութագրերով, մինչդեռ վերջնական արդյունքը նույնն է։ Նման տվյալների վերլուծությունը կարող է թույլ տալ պարզել, թե որտեղ են հնարավոր ստանդարտացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները»,- նշեց նա։
Փոփոխություններից մեկը վերաբերում է նաև գնումների գործընթացի բողոքարկմանը։ Մասնակիցների բողոքները պետք է ներկայացվեն դատարան, այդ թվում՝ եթե նրանք դժգոհ են մրցույթի հրավերի պահանջներից կամ գնման առարկայի բնութագրից։
Հովհաննիսյանը այս մոտեցումը խնդրահարույց է համարում՝ հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը և գնումների ոլորտում դատական պրակտիկայի խնդիրները։
Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ նույնանման երկու գործով նույն դատավորը տարբեր որոշումներ է կայացրել։ Այդ պատճառով նա կարծում է, որ նախկինում գործող արտադատական բողոքարկման համակարգն ավելի արդյունավետ էր։
Փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում որոշ մրցույթների դեպքում հայտերը ներկայացնել նաև անգլերենով։ Պատվիրատուն կարող է նախապես սահմանել, որ տվյալ մրցույթի դեպքում փաստաթղթերը կարող են ներկայացվել անգլերեն, իսկ հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասության դեպքում հիմք ընդունվի անգլերեն տարբերակը։
Promotion ընկերութան տնօրեն Հայկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ «Գնումների մասին» օրենքի փոփոխությունները կարող են պարզեցնել գնումների գործընթացը, սակայն դրանց արդյունավետությունը մեծապես կախված է լինելու ոչ միայն օրենքից, այլև առաջիկայում ընդունվելիք ենթաօրենսդրական ակտերից և նոր մեխանիզմների գործնական կիրառումից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

