ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արդեն մեկ տարի է անցել Վաշինգտոնում Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, բայց փաստաթուղթը վերջնական ստորագրված չէ։ Բաքուն հիմնական խոչընդոտ է համարում ՀՀ Սահմանադրությունը, քանի որ Մայր օրենքի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է «Հայկական ԽՍՀ-ի և  Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը երեկ հայտնեց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ 

«Արդյո՞ք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում Անկախության հռչակագրին․ ո՛չ և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը որևէ կապ չունի, որքան էլ Դուք խոսեք այդ մասին և որքան էլ այդ հարցը շահարկեք»,- ամբիոնից հայտարարեց Ջուլհակյանը։

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ շատ իրատեսական էր համարել, որ ՔՊ-ն կստանա սահմանադրական մեծամասնություն, սակայն նրա այս կանխատեսումը չիրականացավ։ Եվ հիմա ՔՊ-ին հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։ 

Խորհրդարանը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ 105 պատգամավորից բաղկացած Ազգային ժողովում դա նշանակում է առնվազն 70 ձայն։ ՔՊ-ն ունի 64 պատգամավոր, այսինքն՝ ևս 6 պատգամավորի կողմ ձայն է անհրաժեշտ: Ջուլհակյանը, օրինակ, լավատես է, որ կկարողանան համոզել ընդդիմադիր պատգամավորներին։ Ինչպե՞ս՝ հարցրինք ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Հասմիկ Հակոբյանին։

«Շատ տրամաբանական մեթոդով: Տեսեք՝ դեռ իրենք էլ չգիտեն, թե ինչ է առաջարկվում: Իսկ կարող է իրենք կարդան ու տեսնեն, որ մի հրաշալի Սահմանադրության նախագիծ է, և մի բան էլ իրենք են համոզում քաղաքացիներին ունենալ այդ Սահմանադրությունը»,- պատասխանեց Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցությունը բացառում է՝ ընդգծելով, որ կողմ չեն քվեարկի այն Սահմանադրությանը, որը, իրենց համոզմամբ, փոխվում է Ալիևի պահանջով, և որում բացակայելու է հղումն Անկախության հռչակագրին։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը բացառում է նաև, որ իրենց խմբակցությունից որևէ պատգամավոր կարող է կողմ քվեարկել։ 

«Այո՛, անհավանական կարող են լինել իշխանական ճնշումները, դա բացառել չեմ կարող, բայց մեր խմբակցության պարագայում ես ունեմ այդ վստահությունը»,- ընդգծեց Վարդանյանը։

Ոչ միայն վստահություն, այլև հստակ պայմանավորվածություն կա «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Աննա Կարապետյանը։

«Մենք մինչև այստեղ գալը պայմանավորվել ենք. եթե մարդ մտավախություն ունի իր անվտանգության կամ իր ազատության համար, սա այդ տեղը չէ։ Այստեղ մարդիկ գալիս են՝ հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների, բայց մենք պատրաստ ենք դրան, կրում ենք դրա պատասխանատվությունը»,- ասաց Կարապետյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը երկրի «ծննդականն» է, ինչպե՞ս կարող է այն չլինել Սահմանադրության նախաբանում։ 

Հասմիկ Հակոբյանը հակադարձում է՝ դա պատմական փաստ է, ջնջել ու մոռանալ հնարավոր չէ։ 

Կարապետյանի խոսքով՝ ժողովրդի ճնշումն այս դեպքում չի կարող դեր ունենալ, քանի որ իրենց էլ մանդատ են տվել, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի Ալիևի պահանջով։ 

Հասմիկ Հակոբյանը, մինչդեռ, այլ համեմատություն է տանում։

«Եթե դուք 2018 թվականի հունվարին ասեիք, որ պետք է քվեարկվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, որևէ մեկը խորհրդարանում՝ հանրապետականները, բարգավաճները, դաշնակցությունը, որևէ մեկը չէր քվեարկի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Բայց ժողովուրդն ունեցավ այդ ցանկությունը և չկարողացան դիմադրել ժողովրդի ցանկության դեմ՝ ունենալով իշխանություն, ունենալով իրավապահ համակարգ, դատական համակարգ և բոլոր լծակները, և այդ լծակները առատորեն օգտագործելու փորձառություն»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Հնարավո՞ր է համոզելու մեխանիզմներ բանեցվեն քրեական գործերի միջոցով` հարցրինք Հակոբյանին։

«Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում այն անձանց նկատմամբ, որոնք ենթադրյալ ինչ-որ արարք են գործել, որի հետ կապված կա այդ կասկածը՝ որոշակի շեմ արդեն հաղթահարած ապացուցելիության կասկած, այսինքն՝ չես կարող մարդու վրա ուղղակի գործ կարել: Հասկանու՞մ եք, այդ ամենը մերժվել է 2018 թվականին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրին հղումը համարում է կոնֆլիկտածին և պնդում, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից: 2018 թվականից սկսած է Փաշինյանը տարբեր առիթներով խոսել սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին։ Նոր Սահմանադրության մասին առաջին անգամ խոսել է 2020 թվականին՝ Սահմանադրության օրվա առթիվ հղած ուղերձում՝ նշելով, որ այն պիտի հենված լինի քաղաքացիների կամքի վրա: Իսկ 2024 թվականին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում Փաշինյանը հայտարարել էր, որ Անկախության հռչակագրի ամբողջ բովանդակությունը ներառված չէ ՀՀ Սահմանադրության մեջ, և որ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական չեն։ 

Ադրբեջանական կողմը ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ առաջ քաշեց Արցախի բռնի տեղահանումից հետո, իսկ 2024 թվականի ապրիլին հայտարարեց, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ դա համարելով խաղաղության պայմանագրի կնքման նախապայման։ Բաքուն պնդում է, որ Հայաստանի Մայր օրենքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան