Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
Քաղաքականություն
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կաբինետի արտակարգ նիստ կհրավիրի, մինչ անտառային հրդեհները մոտենում են Բորդոյին, գրում է BBC-ն։
Քաղաքապետ Թոմա Կազընավն ասել է, որ Բորդոյից մոտ 15 կմ հեռավորությամբ ընդլայնվող հրդեհի դեմ պայքարի ջանքերը կարող են բարդանալ ևս մեկ շոգի ալիքի պատճառով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ շուրջ 850,000 բնակչության տարհանման ծրագրեր չկան։
Անցած շաբաթվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել ամբողջ Եվրոպայում, ամենաշատը տուժել են Ֆրանսիան և Իսպանիան, որտեղ տարհանվել է ավելի քան 330,000 մարդ։
Շաբաթ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան «կվերականգնի» երկիրը։ Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն տարհանվել են Բորդոյի շրջանից, իսկ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ իրավիճակը մնում է «շատ անբարենպաստ», և որ հրդեհը «քաոսային շարժվում է» դեպի քաղաք։ Ըստ եղանակային կանխատեսումների՝ երեքշաբթիից որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել +40°C-ի։
Անտառային հրդեհները մեծ վնաս են հասցրել Ֆրանսիային: Հարավ-արևմուտքում այրվել է շուրջ 42,000 հեկտար տարածք․ սա դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ անտառային հրդեհներից մեկը: Տարվա սկզբից այրվել է մոտ 98,000 հեկտար։ Երկրի հարավ-արևմուտքում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ։
Միաժամանակ, Իսպանիայում հրշեջները կիրակի պայքարել են նոր հրդեհի դեմ՝ Վալենսիայի արևելյան ափամերձ քաղաքի մոտակայքում, որտեղ շուրջ 15,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Վալենսիայում կենտրոնական կառավարության պատվիրակ Պիլար Բերնաբեն ասել է, որ հրդեհը «շատ ինտենսիվ» է եղել, իսկ եղանակային պայմանները կարող են վատթարանալ։
Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան ասել է, որ հրդեհները դանդաղ են տարածվում։
«Դժվար ժամեր են սպասվում»,- ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Մադրիդից արևմուտք գտնվող Ավիլա նահանգի հրդեհային գոտի այցելության ժամանակ։
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ն ասել է, որ անտառային հրդեհներն «անհաշվելի» վնաս են հասցրել երկրի բնական ժառանգությանը։
Իսպանիայում հրդեհներից տուժել է շուրջ 77,000 հեկտար տարածք, հայտարարել է էկոլոգիական անցման նախարար Սառա Ագեսենը։
Մադրիդի և Ավիլայի շրջակա շրջաններից տարհանվել է ավելի քան 90,000 մարդ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

