«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
Քաղաքականություն
17.07.2026 | 21:26
Հոմերոսի «Ոդիսականի» նոր հեռուստատեսային էկրանավորման նկարահանումները նախատեսվում է սկսել Հունաստանում և Հայաստանում 2027 թվականի սկզբին։ Նշվում է, որ «Ոդիսևս» վերնագրված եվրոպա-ամերիկյան անկախ արտադրությունը նկարահանվում է Հոմերոսի ստեղծագործության նկատմամբ համաշխարհային հետաքրքրության աճի հետ մեկտեղ, որը շարունակվում է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» բլոկբաստերի հաջողությունից հետո։
Սերիալը նպատակ ունի ներկայացնել բրոնզե դարում աշխարհի իրատեսական պատկերը՝ ուսումնասիրելով քաղաքական ինտրիգները, պատերազմները և մարդկային հակամարտությունները, որոնք կազմել են լեգենդար պատմության հիմքը, ինչպես նաև ուսումնասիրելով բրոնզե դարի քաղաքակրթության փլուզման շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։
Աթենքի Tanweer Productions-ի, ԱՄՆ-ում գործող Tectonic-ի և հայ-ամերիկյան USATV հեռուստաալիքի կողմից ստեղծվող նախագիծը կնկարահանվի Հունաստանում և Հայաստանում: Գործադիր պրոդյուսերներից մեկը Վահագն Սարգսյանն է։
Ստեղծագործական թիմը միավորում է մի շարք խոշոր միջազգային արտադրությունների վետերանների՝ «Տարօրինակ բաներ» սերիալի գործադիր պրոդյուսեր Կարլ Գայդուսեկ, հայտնի ռեժիսոր Ռոել Ռեյնե։ Վերջինը կլինի սերիալի ռեժիսորը։
Գործադիր պրոդյուսեր Ջորդան Դիքստրան ասել է, որ թիմը գրեթե հինգ տարի է ծախսել նախագծի մշակման վրա՝ հին հելլենական Հունաստանի իսկական պատկեր ստեղծելու նպատակով։
«Մեր ցանկությունն է՝ հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական Հունաստանի իսկական և հուզիչ պատկերը»,- ասել է նա։
Ըստ պրոդյուսերների՝ սերիալը կարող է ի վերջո ընդլայնվել՝ դառնալով ավելի լայն ֆրանշիզա, որը կուսումնասիրի Հոմերոսյան աշխարհի այլ պատմություններ։
Դերասանական կազմը, հեռարձակողը, հոսքային գործընկերը կամ թողարկման ամսաթիվը դեռևս հաստատված չեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

