Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը
Տնտեսություն
17.07.2026 | 18:30
2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ Հայաստանից պտուղ-բանջարեղենի, ձկան և ձկնամթերքի, ինչպես նաև ծաղիկների արտահանման ծավալներն էականորեն նվազել են, իսկ արտահանման աշխարհագրությունը՝ զգալիորեն փոխվել։
Factor TV-ն ուսումնասիրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալները Հայաստանից այլ երկրներ արտահանված պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, ձկան և ձկնամթերքի վերաբերյալ։ 2026 թվականի մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ էր կիրառել հենց այս ապրանքախմբերի մեծ մասի, մասնավորապես, բուսական կարանտինային արտադրանքի (ասել է թե՝ ամբողջ թարմ գյուղմթերքի) և ձկնամթերքի ներմուծման նկատմամբ։

2025 թվականին նշված ապրանքախմբերի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն էր։ 2026 թվականի տվյալներում Ռուսաստանի բաժինը պտուղ-բանջարեղենի արտահանման մեջ նվազել է մինչև 1 տոկոսից էլ պակաս, իսկ ձկան և ծաղիկների դեպքում Ռուսաստան արտահանում ընդհանրապես չի արձանագրվել։ Հիմնական ուղղություններն են դարձել Ուզբեկստանը, Վրաստանը և Ուկրաինան։
Պտուղ-բանջարեղենի արտահանումը նվազել է 70 տոկոսով
2025 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ Հայաստանից արտահանվել է, ընդհանուր առմամբ, 41 հազար 300 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2026 թվականին՝ 12 հազար 365 տոննա։ Արտահանման ծավալը նվազել է շուրջ 28 հազար 935 տոննայով կամ 70 տոկոսով։
Այստեղ պետք է հաշվի առնել, որ տվյալները ներկայացված են արտահանվող ապրանքների քաշով, ոչ թե գնով։ Հետևաբար՝ գնային հաշվարկի դեպքում հարաբերակցությունները կարող են այլ լինել։
2025 թվականի նշված ժամանակահատվածում պտուղ-բանջարեղենի արտահանման 87,4 տոկոսը (36 հազար 114.6 տոննա) բաժին էր ընկնում Ռուսաստանին։ Հաջորդ հիմնական ուղղություններն էին՝
- Վրաստանը՝ 3 հազար 321 տոննա կամ 8 տոկոս,
- Բելառուսը՝ 857,4 տոննա կամ 2.1 տոկոս,
- Ուկրաինան՝ 818,6 տոննա կամ մոտ 2 տոկոս։
2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ պատկերը կտրուկ փոխվել է։ Ռուսաստան արտահանվել է ընդամենը 110,4 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա 36,1 հազար տոննայի դիմաց։ Նվազումը կազմել է 99,7 տոկոս, իսկ Ռուսաստանի բաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է ընդամենը 0,9 տոկոս։
Այս պայմաններում պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական ուղղություններն են դարձել՝
- Ուզբեկստան՝ 4918,2 տոննա կամ ընդհանուր ծավալի 39,8 տոկոսը,
- Վրաստան՝ 4772,5 տոննա կամ 38,6 տոկոսը,
- Ուկրաինա՝ 1936,6 տոննա կամ 15,7 տոկոսը։
Այս երեք երկրներին միասին բաժին է ընկել 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ պտուղ-բանջարեղենի արտահանման շուրջ 94 տոկոսը։
2025 թվականի նույն ժամանակահատածի համեմատ՝ Վրաստան արտահանումն ավելացել է 43,7 տոկոսով, Ուկրաինա արտահանումը՝ ավելի քան 2,3 անգամ, իսկ Ուզբեկստանը դարձել է նոր և ամենախոշոր արտահանման ուղղությունը։
Նկատենք, որ պտուղ-բանջարեղենի հիմնական արտահանման ուղղություններից երկուսը՝ Ուզբեկստանը և Վրաստանը, առևտրային ակտիվ կապեր ունեն Ռուսաստանի հետ, և հնարավոր է, որ Հայաստանից այդ երկրներ արտահանված գյուղմթերքը հետագայում վերարտահանվել է Ռուսաստան։ Սակայն դրա վերաբերյալ փաստական տվյալներ չկան։
Արտահանման որոշակի ծավալներ են գրանցվել նաև դեպի Իրաք՝ 130,2 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 95,7 տոննա, Ղազախստան՝ 88,8 տոննա, Լեհաստան՝ 82,3 տոննա, Բելառուս՝ 61,9 տոննա և Իրան՝ 51,7 տոննա։
Այս տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանին փոխարինել են մի քանի այլ հիմնական շուկաներ, սակայն արտահանման նոր ուղղությունները չեն կարողացել փոխհատուցել ռուսական շուկայի գրեթե ամբողջական կորուստը։ Արդյունքում պտուղ-բանջարեղենի արտահանման ընդհանուր ծավալը նվազել է ավելի քան երկու երրորդով։
Ծիրանի արտահանումը նվազել է ավելի քան 25 հազար տոննայով
Պտուղ-բանջարեղենի խմբում ամենամեծ ծավալը շարունակում է բաժին ընկնել ծիրանին, սակայն արտահանման ծավալը կտրուկ նվազել է։

Նախորդ տարվա հունիսի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ Հայաստանից արտահանվել է 30 հազար 711,1 տոննա ծիրան, որը կազմում է պտուղ-բանջարեղենի ամբողջ արտահանման 74,4 տոկոսը։ 2026 թվականին ծիրանի արտահանումը կազմել է 5 հազար 545,8 տոննա՝ նվազելով 25 հազար 165,3 տոննայով կամ 81,9 տոկոսով։
Այս տարվա նույն ժամանակահատվածում ծիրանի հիմնական շուկաներն են՝
- Ուզբեկստանը՝ 2 հազար 971,8 տոննա,
- Վրաստանը՝ 1 հազար 481,1 տոննա,
- Ուկրաինան՝ 749,2 տոննա։
2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ արտահանման ծավալով երկրորդ ապրանքը սոխն է՝ 2 հազար 200,7 տոննա։ 2025 թվականին արտահանվել է 481,5 տոննա սոխ։ Այսպիսով՝ արտահանումն ավելացել է 357 տոկոսով։ Գրեթե ամբողջ ծավալը՝ 2 հազար 200,6 տոննա, արտահանվել է Վրաստան։
Կեռասի արտահանումը նվազել է 2 հազար 869,1 տոննայից մինչև 1 հազար 768,6 տոննա՝ 38,4 տոկոսով։ Հիմնական ուղղություններն են Վրաստանը՝ 856,3 տոննա, և Ուզբեկստանը՝ 749,7 տոննա։
Պղպեղի արտահանումը կազմել է 1 հազար 699,3 տոննա՝ նախորդ տարվա 2 հազար 582,1 տոննայի դիմաց։ Հիմնական շուկաներն են Ուկրաինան՝ 893,1 տոննա, և Ուզբեկստանը՝ 705 տոննա։
Լոլիկի արտահանումը նվազել է 2 հազար 51,9 տոննայից մինչև 760,2 տոննա կամ 63 տոկոսով։ Լոլիկի հիմնական մասը՝ 469,4 տոննա, արտահանվել է Ուզբեկստան, ևս 195,8 տոննա՝ Ուկրաինա։
Էական նվազում է գրանցվել նաև սալորի, սմբուկի, նեկտարինի և կարտոֆիլի դեպքում։ Սալորի արտահանումը 609,4 տոննայից նվազել է մինչև 1,2 տոննա։ Իսկ կարտոֆիլի արտահանում 2026 թվականի տվյալներում ընդհանրապես չի արձանագրվել։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում արդեն 239 տոննա կարտոֆիլ էր արտահանվել Ռուսաստան։
Ձկան արտահանումը նվազել է շուրջ 85 տոկոսով
Ձկան և ձկնամթերքի արտահանման ծավալը 2025 թվականի նշված ժամանակահատվածում կազմել է 774,5 տոննա, իսկ 2026 թվականին նվազել է մինչև 118,5 տոննա կամ 84,7 տոկոսով։
2025 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ ձկան և ձկնամթերքի հիմնական շուկան Ռուսաստանն է եղել։ Այդ երկիր արտահանվել է 701,2 տոննա ձուկ և ձկնամթերք, որը կազմում է ընդհանուր ծավալի 90,5 տոկոսը։ Թվով երկրորդ խոշոր արտահանումը եղել է դեպի Վրաստան՝ 68,9 տոննա ձկնամթերքի արտահանում։

2026 թվականի տվյալներում Ռուսաստան ձկան և ձկնամթերքի արտահանում չի արձանագրվել։ Արտահանման գրեթե ամբողջ ծավալն ուղղվել է Վրաստան՝ 115,7 տոննա կամ ընդհանուրի 97,6 տոկոսը։
Ավելի փոքր ծավալներ են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1,5 տոննա, ԱՄՆ՝ 0,6 տոննա, Իսրայել՝ 0,4 տոննա և Բելառուս՝ 0,25 տոննա։
Ծաղիկների դեպքում Ռուսաստանին փոխարինել են Վրաստանը և այլ շուկաներ
Ծաղիկների արտահանումը տվյալներում հաշվառված է երկու տարբեր չափման միավորով՝ հատով և կիլոգրամով։ Դրանք պետք է դիտարկել առանձին։
Հատով հաշվառվող ծաղիկների արտահանումը 2025 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ 7 միլիոն 560 հազար 41 հատից 2026 թվականին նվազել է մինչև 3 միլիոն 983 հազար 681 հատ։ Նվազումը կազմել է 47,3 տոկոս։
Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստան էր արտահանվել 6 միլիոն 252 հազար 761 հատ ծաղիկ, որը կազմում է ընդհանուրի 82,7 տոկոսը։ Վրաստան է արտահանվել 837 հազար 460 հատ, Ղազախստան՝ 451 հազար 820 հատ։
2026 թվականի տվյալներում Ռուսաստան ծաղիկների արտահանում չի արձանագրվել։ Հիմնական ուղղություններն են՝
- Վրաստան՝ 1 միլիոն 768 հազար 260 հատ,
- Բելառուս՝ 643 հազար 196 հատ,
- Ուզբեկստան՝ 535 հազար 310 հատ,
- Ուկրաինա՝ 391 հազար 484 հատ,
- Ռումինիա՝ 224 հազար 673 հատ։

Քաշով հաշվառվող ծաղիկների արտահանումը ևս նվազել է՝ 56,3 տոննայից մինչև 43,5 տոննա կամ 22,8 տոկոս։ 2025 թվականին հիմնական ուղղություններն են եղել Ռուսաստանը՝ 32,9 տոննա, Վրաստանը՝ 17,4 տոննա, և Ղազախստանը՝ մոտ 6 տոննա։
2026 թվականին քաշով հաշվառվող ծաղիկների 75,5 տոկոսը՝ 32,8 տոննա, արտահանվել է Վրաստան։ Հաջորդ ուղղություններն են՝
- Բուլղարիա՝ 3.697 տոննա,
- Ռումինիա՝ 3.271 տոննա,
- Ուզբեկստան՝ 2.753 տոննա,
- Իրան՝ 0.557 տոննա,
- Թուրքմենստան՝ 0.210 տոննա,
- Նիդեռլանդներ՝ 0.181 տոննա։
Արտահանման նոր շուկաները չեն փոխհատուցել Ռուսաստանի կորուստը
Տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականին Ռուսաստանի փոխարեն պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական ուղղություններ են դարձել Ուզբեկստանը, Վրաստանն ու Ուկրաինան, իսկ ձկան արտահանումը գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է Վրաստանի շուկայում։
Ծաղիկների արտահանման դեպքում ևս Ռուսաստանին փոխարինել են Վրաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Ուկրաինան և եվրոպական մի քանի երկրներ։
Այնուամենայնիվ, նոր ուղղություններով արտահանման աճը չի փոխհատուցել ռուսական շուկա մատակարարումների կտրուկ նվազումը։ Արդյունքում պտուղ-բանջարեղենի արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 70 տոկոսով, ձկան և ձկնամթերքի արտահանումը՝ շուրջ 85 տոկոսով, իսկ հատով հաշվառվող ծաղիկների արտահանումը՝ 47 տոկոսով։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող ծաղիկների, պտուղ-բանջարեղենի, ձկան և ձկնամթերքի նկատմամբ։ Հունիսի 12-ից սահմանափակումը տարածվել է Հայաստանից ծագող և ուղարկվող ամբողջ կարանտինային արտադրանքի վրա։
ՌԴ սահմանափակումներից հետո՝ հունիսի 19-ին, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 մլն եվրո՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների ազդեցությունը մեղմելու և մասնավոր հատվածին աջակցելու նպատակով։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է նաև ինքնավար առևտրային միջոցներ առաջարկելու մտադրության մասին, որոնց միջոցով նախատեսվում է ժամանակավորապես ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։
Factor TV-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հայտարարել է, որ հայաստանյան ծագում ունեցող ապրանքների համար ԵՄ-ի հետ առանց մաքսատուրքերի առևտրի հնարավորություն բացելը լուրջ ռեսուրս է Հայաստանի համար՝ դիվերսիֆիկացնելու իր արտահանումը և ամրացնելու տնտեսական անվտանգությունը։
«Սա ենթադրում է առանց մաքսի առևտուր Եվրամիության անդամ երկրների հետ։ Այսինքն՝ տնտեսվարողները ցանկում ներառված ապրանքների արտահանման պարագայում մաքսատուրք չեն վճարելու»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի վերջնական որոշումը կկայացվի աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Մինչ այդ, ըստ փոխնախարարի, Կառավարությունը փոխհատուցում է նոր շուկաներ մուտք գործելու հետ կապված լոգիստիկ ծախսերի մի մասը։
Կառավարությունը նաև քննարկում է թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների օդային փոխադրման՝ «էյր-կարգոյի» ծախսերի փոխհատուցման նախագիծ։
Անուշիկ Ավետյանը վերահաստատել է, որ Հայաստանն այս պահին չի քննարկում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։
Մարիա Խաչատրյան

