ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
Հաղորդաշարեր
02.07.2026 | 18:49
Հուլիսի 2-ին Google-ը վերջանակապես պարտվել է ԵՄ հակամենաշնորհային մարմինների հետ տարիներ շարունակ տևած դատական վեճում: Եվրոպական Միության բարձրագույն դատարանը մերժել է ընկերության բողոքարկումն ավելի քան 4 միլիարդ եվրո տուգանքի դեմ, հայտնում են Reuters-ը և Deutsche Welle-ն, գրում է The Insider-ը։
Տուգանքը նշանակվել էր դեռևս 2018 թվականին և սկզբնապես կազմել էր 4,3 միլիարդ եվրո: Այնուհետև Եվրոպական հանձնաժողովը մեղադրել է ընկերությանը իր Android օպերացիոն համակարգի գերիշխող շուկայական դիրքը չարաշահելու մեջ: Նշված պատճառներից մեկը հեռախոսների արտադրողների կողմից սարքերում Google Play-ը, Google Search-ը և Chrome-ը նախապես տեղադրելու պահանջն էր:
Այս տարիների ընթացքում Google-ը բողոքարկել է տուգանքը։ 2022 թվականին նրան հաջողվել էր կրճատել տուգանքը մինչև 4,1 միլիարդ եվրո՝ այն բանից հետո, երբ ստորին դատարանը նվազեցրել է այն։ Ավելի ուշ Google-ը բողոքարկել էր Եվրոպական Միության Արդարադատության դատարան՝ Եվրոպայի բարձրագույն դատարան, սակայն վերջինը կանգնել էր հակամենաշնորհային մարմինների կողքին։
Google-ի ներկայացուցիչները դատական հայցն արդեն անվանել են «անհիմն»։ Նրանք մեղադրել են դատարանին Android-ն օգտատերերի համար հասանելի դարձնելու գործում ընկերության ներդրումները հաշվի չառնելու մեջ։ DW-ն նշում է, որ ընկերությունը նախկինում ԵՄ-ին մեղադրել էր Apple-ի կողմից iPhone-ներում սեփական ծառայությունները գովազդելու նմանատիպ պրակտիկայի նկատմամբ աչք փակելու մեջ։
Այս դեպքը Google-ի ու ԵՄ-ի միջև հակամենաշնորհային վեճերից միայն մեկն է։ Ընկերությանը նշանակված տուգանքը ռեկորդային է ԵՄ հակամենաշնորհային մարմինների համար, հաղորդում է Reuters-ը:
Վերջին տասը տարիների ընթացքում Google-ը ԵՄ-ից կուտակել է մոտ 11 միլիարդ եվրոյի տուգանքներ՝ հակամենաշնորհային տարբեր խախտումների համար:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

