ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.06.2026 | 19:46«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացրել է Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին՝ պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրության արդյունքների վիճարկման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։
«Այստեղ ես միտումնավոր շրջանցում եմ այն հանգամանքը, թե ինչու էին բաժանվում այդ միլիարդավոր դրամների պարգևավճարները. գուցե նաև այն նպատակով, որ այդպիսով անուղղակի կերպով հանգանակություն արվի կուսակցությանը։ Բայց խոսենք փաստերով. վերցնենք վարչապետի աշխատակազմի տրանսպորտի համար նախատեսված ծախսերը պետական բյուջեում։ Տեսնում ենք, որ նախորդ չորս տարիներին ավտոբուսների վարձակալության ծախսերը եղել են կես միլիոնից երկու միլիոն դրամի շրջանակներում։ Սակայն, ի զարմանս մեզ, 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ կնքվում է 6 միլիոն դրամի պայմանագիր՝ Հայաստանի բոլոր մարզերում ավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին։
Ընդ որում, նշվում է, որ այդ ուղևորությունները պետք է հաստատվեն մեկ-երկու օրվա ընթացքում՝ առանց հստակեցնելու, թե ինչ անհրաժեշտություն է առաջացել, որ նախկին հինգ տարիներին վարչապետի աշխատակազմը նման անհրաժեշտություն չի ունեցել, իսկ ընտրություններից առաջ՝ ունի։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «ուրախ ավտոբուսի» երթևեկությունները, բնականաբար, բացատրում են այդ ամենը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

