ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Քաղաքականություն
25.06.2026 | 21:15
Նկարը գեներացված է ԱԲ-ով
Ռուսական քարոզչական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն օրակարգ է բերել Ռուսաստանի սահմանին Հայաստանի քաղաքացիների հնարավոր վերահսկողության թեման։ Россия 1-ի եթերում՝ Վլադիմիր Սոլովյովի մասնակցությամբ հաղորդման ժամանակ, Սիմոնյանն առաջարկել է մեխանիզմ, որը թույլ կտա Ռուսաստան մուտք գործող Հայաստանի քաղաքացիների շարքում բացահայտել նրանց, ովքեր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկել են ՔՊ-ի օգտին։ Նրա պատկերացմամբ՝ դա հնարավոր է անել քաղաքացիների առցանց ակտիվությունը ստուգելով։
«Սոցիալական ցանցերի միջոցով կարելի է նույնականացնել այն հայերին, ովքեր աջակցում են Փաշինյանին։ Եվ վե՛րջ. մուտքը Ռուսաստանի Դաշնություն պետք է արգելել։ Հավերժ»,- հայտարարել է Սիմոնյանը։ RT-ի խմբագրի կարծիքով՝ Հայաստանի վարչապետին աջակցող քաղաքացիներն աջակցում են նաև հակառուսական տրամադրություններին։
Որքանո՞վ է իրատեսական, որ Սիմոնյանի առաջարկը կարող է կյանքի կոչվել, արդյո՞ք նման պրակտիկա երբևէ կիրառվել է և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն Հայաստանի քաղաքացիների համար․ Factor TV-ն փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։
Ով է Մարգարիտա Սիմոնյանը և ինչ կապեր ունի ՌԴ իշխանությունների հետ
Մարգարիտա Սիմոնյանը համարվում է Կրեմլի տեղեկատվական քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Արևմուտքում Սիմոնյանն ունի ոչ թե սովորական մեդիա մենեջերի, այլ ռուսական պետական ազդեցության և քարոզչական քաղաքականության առանցքային գործչի համբավ։
Նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ նրա ղեկավարությամբ RT-ն գործում է որպես Ռուսաստանի արտաքին ազդեցության գործիք։
«Եթե իմ ազգանունը «յան»-ով է ավարտվում, դա չի նշանակում, թե ես գիտեմ՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ»,- Россия 1-ի նույն եթերի ժամանակ ասել էր Սիմոնյանը։
Վերջին տարիներին նա կոշտ հայտարարություններ է անում հայերի, Հայաստանի և ՀՀ իշխանությունների հասցեին։ 2020 թվականից Սիմոնյանը պարբերաբար քննադատում է նաև անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով «հակառուսականության», «Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խաթարելու» և «ազգային շահերը վնասելու համար»։
«Իրականում, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ»,- 2020 թվականի հուլիսին Տավուշում հայ-ադրբեջանական բախումների ընթացքում Սիմոնյանն այսպիսի ձևակերպումներով բաց նամակ էր հղել ՀՀ իշխանություններին։ 2022-ի հոկտեմբերին Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվեց։ Արգելքի շուրջ հեռուստատեսային քննարկումների ժամանակ Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին անվանել էր «դավաճան» և «խաբեբա»՝ հայտարարելով, «զզվանք է տածում Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ»։
2023 թվականին ԼՂ-ի շրջափակման ընթացքում Սիմոնյանը հայտարարում էր, որ Ռուսաստանը կարող է գոյատևել առանց Հայաստանի, մինչդեռ Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի։ 2025 թվականին, երբ ՀՀ իշխանությունների և եկեղեցու վերնախավի հարաբերությունները սրվեցին, Սիմոնյանը Փաշինյանին անվանել էր «Էֆենդի Փաշինյան» և գրել՝ «ձեր որդիների գլուխները կկտրեն, իսկ աղջիկներին հարեմներ կտանեն»։
Սիմոնյանը էթնիկ հայ է, սակայն, ինչպես ինքն է ասում՝ որևէ կապ չունի երկրի հետ․ ընդամենը երկու անգամ է եղել Հայաստանում։
Պատիժ՝ քաղաքական հայացքների, ոչ թե իրավախախտումների համար
Մարգարիտա Սիմոնյանի առաջարկի ամենախնդրահարույց կողմն այն է, որ նա ոչ թե իրավախախտում կատարած, դատարանի կողմից դատապարտված կամ Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց, այլ քաղաքական որոշակի հայացքներ ունեցող մարդկանց մասին է խոսում։ Այդ մոտեցումը փաստացի ենթադրում է, որ սահմանափակումներ կարող են կիրառվել ոչ թե անձի գործողությունների իրավաչափության, այլ քաղաքական նախասիրությունների հիմքով։
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ 2025 թվականի փետրվարի 5-ից ՌԴ սահմանապահներն իրավունք ունեն ստուգել երկիր մուտք գործողների հեռախոսները, քաղաքացիների սոցիալական ցանցերը, և կիրառում են այդ իրավասությունը։
«Եղել են հայեր, որոնց հեռախոսը ստուգելուց հետո հետ են ուղարկել։ Հեռախոսը ստուգել են, ФСБ-ի (ԱԴԾ) հոդվածով անժամկետ մուտքի արգելք են դրել, որով չեն էլ պարզաբանում, թե ինչու են մուտքն արգելել։ Այդ դեպքում երիտասարդ տղաների հեռախոսը նայել են, հետ են վերադարձրել, ասել են՝ վերջ, այս հոդվածով դուք հետ եք գնում, ձեր մուտքը փակ է՝ անժամկետ»,- պատմում է Բեժանյանը։
Փորձագետի խոսքով՝ ստուգումը հիմնականում իրականացվում է՝ բացահայտելու, թե ինչ դիրքորոշում ունեն ՌԴ մուտք գործողները Ուկրաինայի հետ պատերազմի վերաբերյալ։ «Կրոկուս»-ի դեպքից հետո հատուկ ստուգման են ենթարկվում Տաջիկստանի քաղաքացիները՝ ծայրահեղական խմբերի ու էջերի հետ նրանց կապը բացահայտելու համար։ Ի տարբերություն տաջիկների՝ ՀՀ քաղաքացիներին ստուգում են ընտրողաբար։ «Իր հայեցողությամբ սահմանապահը կարող է որոշել՝ ում ստուգի, ում՝ ոչ»,- ասում է Բեջանյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մտահոգիչն այն է, որ Մարգարիտա Սիմոնյանի և այլ քարոզիչների արտահայտած մտքերը հիմնականում համընկնում են Կրեմլում շրջանառվող մոտեցումների հետ։
«Անպայման չէ, որ դա իսկապես գետնի վրա իրագործվի, որովհետև շատ անհեթեթ մոտեցում է, բայց մյուս կողմից մենք գիտենք, որ Ռուսաստանին քննադատող հայ փորձագետները, բլոգերներ և այլ մարդիկ բախվել են այդպիսի խնդրի հետ, և նրանց մուտքը ՌԴ արգելել են»,- նշում է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի մարդու քաղաքական հայացքները կապել նրա ազատ տեղաշարժվելու իրավունքի հետ։
«Բայց եթե շարժվենք իր տրամաբանությամբ, ուրեմն պետք է այդպիսի անձնավորության լրատվամիջոցն առհասարակ Հայաստանի նման ժողովրդավարական երկրում լույս չտեսնի կամ չգործի, որովհետև Մարգարիտա Սիմոնյանը որևէ կերպ չի կարող հասկանալ, գնահատել ժողովրդավարության արժեքները և հարգել մարդու ընտրական իրավունքը։ Եթե ինքը այդքան հեռու է այդ ամենից և հակահայկական քարոզ է իրականացնում, եթե շարժվենք իր տրամաբանությամբ, ապա Հայաստանի իշխանությունները պետք է արգելեին, օրինակ, «Սպուտնիկ Արմենիայի» հետագա գործունեությունն այստեղ։ Բայց Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է՝ բոլոր իր թերություններով հանդերձ, և հայաստանյան ընտրված իշխանությունները չեն փակում այդ լրատվամիջոցի մասնաճյուղը Հայաստանում, ինչպես դա, ի դեպ, արել է Ադրբեջանը ժամանակին»,- ասում է Մելիքյանը։
Հեռախոսներից մինչև սոցիալական ցանցեր․ ինչ են ստուգում սահմանին
Վերջին տարիներին Ռուսաստանում սահմանային հսկողության ընթացքում հեռախոսների և սոցիալական ցանցերի ստուգման դեպքերը դարձել են առավել հաճախակի։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո իրավապաշտպան կազմակերպություններն ու միջազգային լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են սահմանային անցակետերում քաղաքացիների և օտարերկրացիների բջջային սարքերի զննության, հաղորդագրությունների, բաժանորդագրությունների և սոցիալական ցանցերի ուսումնասիրության մասին։
Ուշադրության կենտրոնում հատկապես հայտնվել են հակապատերազմական դիրքորոշումներ արտահայտած կամ Ուկրաինային աջակցող անձինք։ Բացի այդ, վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ ՌԴ և օտարերկրյա քաղաքացիներին դատարանը դատապարտել է սոցիալական ցանցերում իրենց ակտիվության համար։ Новая газета Европа-ի ուսումնասիրության համաձայն՝ 2010-2024 թվականներին Ռուսաստանում սոցիալական ցանցերում հրապարակումների, մեկնաբանությունների, «լայքերի» և տարածումների համար հարուցվել է ավելի քան 30 հազար վարչական և քրեական գործ։

Այսինքն՝ Մարգարիտա Սիմոնյանի առաջարկած պրակտիկան ՌԴ-ում արդեն ունեցել է գործնական կիրառություն, սակայն ոչ հենց ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Նման ստուգումների արդյունքում որոշ օտարերկրացիների մուտքը Ռուսաստան մերժվել է, իսկ առանձին դեպքերում հայտնաբերված բովանդակությունը դարձել է լրացուցիչ քննության պատճառ։
Բելառուսի օրինակը․ «լայքից» մինչև քրեական գործ
ՌԴ-ի հետ Միութենական պետության կազմում գտնվող Բելառուսում վերջին տարիներին Telegram ալիքների բաժանորդագրությունները, սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունները և նույնիսկ «լայքերը» հաճախ դառնում են վարչական կամ քրեական գործերի հիմք։
Human Rights Watch-ը և «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը արձանագրում են, որ «ծայրահեղական» ճանաչված կոնտենտի հետ ցանկացած կապ կարող է բերել իրավական հետևանքների։ Իսկ Mediazona-ի, Euronews-ի և Meduza-ի հրապարակումների համաձայն՝ որոշ դեպքերում քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև սոցիալական ցանցերում պարզ բաժանորդագրության համար։
«Ծայրահեղական» համարվող էջի հավանումը կարող է հիմք դառնալ ոստիկանություն կանչելու և «պարզաբանումներ տալու» համար։ Դրան կարող են հաջորդել ժամանակավոր պահման վայրում պահելը, կարճաժամկետ կալանքը կամ տուգանքը։
Ինչպես գրում է Mediazona-ն, Բելառուսի քաղաքացիները մանրակրկիտ պատրաստվում են նման ստուգումներին։
«Լայքի համար կարող ես հայտնվել մեկուսարանում։ Կարող ես նույնիսկ չիմանալ, որ երեք տարի առաջ ինչ-որ մեկի հրապարակում ես հավանել, իսկ նա հիմա համարվում է էքստրեմիստ։ Եվ վերջո, գնում ես կարճաժամկետ կալանքի։ Սրանք իրական դեպքեր են, և ոչ եզակի։ Դուդին նայե՞լ ես։ Դուդը՝ լրտես է»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է նման փորձառություն ունեցած քաղաքացիներից մեկը։
Նշենք՝ Յուրի Դուդը YouTube-ում մեծ լսարան ունեցող լրագրող է, որը դեմ է արտահայտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։
Բելառուսում ձևավորվել է պրակտիկա, որի համաձայն՝ «էքստրեմիստական» ճանաչված Telegram ալիքներին բաժանորդագրվելը կարող է դիտարկվել որպես էքստրեմիստական գործունեության մասնակցություն և հանգեցնել քրեական պատասխանատվության։
Բելառուսական և միջազգային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ իշխանությունները նման գործողությունները հավասարեցնում են «էքստրեմիստական կազմավորմանը մասնակցությանը»։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել քրեական հետապնդման և մինչև յոթ տարվա ազատազրկման։
Օրինակ՝ 2021-ին Բելառուսի ներքին գործերի նախարարությունը «էքստրեմիստական» է ճանաչել Լեհաստանում գործող Belsat TV հեռուստաալիքի հետևորդներին։ Belsat-ը, որն ունի մոտ 940,000 հետևորդ Telegram-ում, դարձել էր Բելառուսի ընդդիմության հիմնական հարթակներից մեկը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությունից հետո։
Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը և ազատ սոցցանցերի հարցը
ՌԴ մուտք գործող Հայաստանի քաղաքացիների սոցիալական ցանցերի հնարավոր վերահսկման շուրջ առաջարկն ավելի լայն քաղաքական համատեքստ է ստանում ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նախընտրական փուլում շեշտել էր Հայաստանում խոսքի ազատության կարևորությունը.
«Դուք գիտեք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ գրեթե մշտապես առկա են քաղաքական գործընթացներ, և դա մեզ համար արդեն սովորական երևույթ է։ Փաստացիորեն տարին երկու անգամ մեզ մոտ անցկացվում են համայնքային ընտրություններ, որոնք նույնպես շատ քաղաքականացված են, որովհետև մեր քաղաքական բարեփոխումների արդյունքում այնտեղ ևս մարդիկ քվեարկում են քաղաքական կուսակցությունների օգտին կամ դեմ։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, թե Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը։ Բայց սա մեզ համար սկզբունքային հարց է։ Մեզ մոտ, օրինակ, սոցիալական ցանցերը 100%-ով ազատ են, ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, և շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է»։
Այս խոսքերը հնչել էին Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո՝ ռուսական անձնագրեր ունեցող քաղաքացիների՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու հնարավորության վերաբերյալ։
Փաստորեն, Սիմոնյանի հայտարարությունը հաջորդում է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը պահպանեց իշխանությունը։ Հատկանշական է, որ ընտրություններից ավելի քան 2 շաբաթ անց պաշտոնական Մոսկվան դեռ չի շնորհավորել Փաշինյանին։
Այսպիսով, այս ֆոնին RT-ի խմբագրի հայտարարությունը դժվար է դիտարկել որպես մասնավոր կամ պատահական կարծիք։ Նրա հնչեցրած թեզերը հաճախ արտացոլում են այն քաղաքական ու գաղափարական մոտեցումները, որոնք առկա են ռուսական պաշտոնական կամ մերձպաշտոնական շրջանակներում։
Եվգենյա Համբարձումյան

