Սամվել Կարապետյանի թիմը դիմեց ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.06.2026 | 12:32«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմում ներկայացրեց ԿԸՀ` 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմումում ներառվել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը տեղի ունեցած, իրենց գնահատմամբ, «մասշտաբային ընտրախախտումները»։
«Մենք ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել ինչպես մինչև քվեարկության օրը, այնպես էլ քվեարկության օրը։ Հատկապես շեշտադրել ենք բոլոր ռեպրեսիվ գործողությունները, վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը»,- ասաց Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել նաև վերաքվեարկություն անցկացնելու հարցը։ «Եթե անվավեր ճանաչված ընտրական տեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այնտեղ վերաքվեարկության անցկացումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է դա կազմակերպել»,- նշեց նա։
Դաշինքի պատգամավորի թեկնածուն հայտարարեց, որ խնդիրը կարող է սահմանափակված չլինել միայն արդեն անվավեր ճանաչված երկու ընտրատեղամասերով։ Նրա պնդմամբ՝ շուրջ 100 հազար ընտրողի քվեն ձևավորվել է ոչ թե անձնագրերի պատշաճ վերիֆիկացման, այլ տվյալների ձեռքով մուտքագրման միջոցով։
«Սա խնդիր է, որովհետև կարգն այնպիսին է, որ անձնագիրը պետք է պատշաճ վերիֆիկացում անցնի»,- պնդեց նա։
Վարդևանյանը նաև անդրադարձավ անվավեր ճանաչված քվեաթերթիկների թվին՝ նշելով, որ այս ընտրություններում դրանց թիվը հասել է շուրջ 17 հազարի։
«Նախորդ ընտրություններում 4-5 հազար անվավեր քվեաթերթիկ էր լինում, հիմա այն դարձել է 17 հազար։ Դրա պատճառներից մեկն այն փոփոխություններն են, որոնք կատարվել էին ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ»,- պնդեց նա։
Նրա խոսքով՝ շուրջ 5 հազար քաղաքացու դիմումներ՝ ընտրական տեղամաս փոխելու վերաբերյալ, մերժվել են ՆԳՆ ոստիկանության կողմից։
Վարդևանյանը հայտարարեց, որ իշխանությունների և դիտորդների այն պնդումը, թե արձանագրված խնդիրները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, չի համապատասխանում իրականությանը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց դիրքորոշումն արտահայտել են․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաղթել այս ընտրություններում»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը նաև կասկածի տակ դրեց ԿԸՀ-ի հրապարակած տվյալների ճշգրտությունը։ Նա տեղեկացրեց, որ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ դիմումը քննվելու է ընտրությունների արդյունքների ամփոփման օրը` այսինքն այս կիրակի: «Մենք հետևողական ենք լինելու մեր յուրաքանչյուր քվեի պաշտպանության հարցում։ Եթե տեսնենք, որ վերաքվեարկության հետ կապված որևէ նոր ապօրինություն է նախապատրաստվում, դրա դեմ ևս իրավական գործիքակազմ ունենք»,- նշեց նա։
Վարդևանյանը նաև մեկնաբանեց իրավական ճանապարհով պայքարի արդյունավետության վերաբերյալ հնչող կասկածները։
«Արդյո՞ք իրավական ամենաթողություն կա Հայաստանում։ Իհարկե կա։ Արդյո՞ք իրավական գործողությունները կարող են արդյունավետ չլինել։ Ավելի հավանական է, որ այդ կանխատեսումը ճիշտ լինի։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է օգտագործենք այդ ճանապարհը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացը ոչ միայն իրավական, այլև քաղաքական գործընթաց է, ուստի միայն իրավական մեխանիզմներով սահմանափակվելը բավարար չէ։
«Պետք է լինի նաև զուգահեռ քաղաքական գործընթաց»,- ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ առաջիկայում հնարավոր են քաղաքական նոր հայտարարություններ և քաղաքական ուժերի միջև խորհրդակցություններ։ «Կարծում եմ՝ առաջիկայում կլինեն նաև քաղաքական հստակ հայտարարություններ նշված հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այսօր հնարավորություն կունենաք լսելու նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դիրքորոշումը, ով արդեն մեկ տարի է գտնվում է կալանքի պայմաններում, և այդ պայմաններում էլ մենք ընտրություններ ենք ունեցել»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրությունների վրա ազդած հիմնական գործոններին՝ Վարդևանյանը նշեց: «Միաժամանակ, մի քանի գործոններ են ազդել՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, քրեական հետապնդումներն ու քրեադատավարական գործիքակազմը որպես զենք օգտագործելը, մարդկանց մեջ վախի մթնոլորտի տարածումը, ինչպես նաև քվեարկության օրը տեղի ունեցած մի շարք խնդիրները»։
Վարդևանյանը նաև ասաց, որ իշխող ուժը նախընտրական քարոզարշավում բարձրացրել է կենսաթոշակները, ինչը, նրա պնդմամբ, ընտրակաշառք է: Վարդևանյանը նաև անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ հրապարակված ձայնագրություններին՝ պնդելով, որ դրանցում անվանումը չի հիշատակվում, սակայն դրանք ներկայացվում են որպես դաշինքի հետ առնչվող նյութեր։
«Ինչ-որ ձայնագրություն էին հրապարակում, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք բառը անգամ չի հիշատակվում, բայց այն վերագրում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այս հարցով ԿԸՀ-ն դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտեին՝ խնդրելով, որ նման հրապարակումների ժամանակ առանց բավարար հիմքերի չհիշատակվի կուսակցության կամ դաշինքի անունը: «Այդ գրությունն անտեսել է Հակակոռուպցիոն կոմիտեն»,- հայտարարեց Վարդևանյանը:
Մեր այն դիտարկմանը, որ ձայնագրություններում հնչում են իրենց կուսակցականների անուններ, Վարդևանյանն արձագանքեց: «Եթե մի ձայնագրությունում որևէ մեկի անունն է հնչում, դա դեռ չի նշանակում, որ այդ անձը հանցանք է կատարել կամ պետք է մեղադրանք առաջադրվի»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան