Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
Քաղաքականություն
11.06.2026 | 23:16
ԿԸՀ արտահերթ նիստում անվավեր են ճանաչվել Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Այդ մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315-ը, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
Որոշումը կարող է երեք օրվա ընթացքում բողոքարկվել վարչական դատարանում։
Նշենք, որ 35/65 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 593 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 148, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 306 քվե։
Factor TV-ն արձանագրել էր, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Արվեստի դպրոցի շենքում գտնվող 35/65 տեղամասը ժամը 22:06-ի դրությամբ դեռ լի էր քվեարկող զինվորներով։
Հավելենք, որ թեև ըստ օրենքի՝ տեղամասերում գտնվող քաղաքացիները կարող են իրենց ընտրելու իրավունքն իրացնել անգամ ժամը 20:00-ին՝ դրանց փակվելուց հետո, տվյալ դեպքում խնդիրն այն էր, որ զինվորներին ուշ էին բերել տեղամաս։
Անի Թամրազյան