Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.06.2026 | 17:17Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփել է միջազգային դիտորդական առաքելությունը:
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարա Քարիմին նշեց, որ միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած է եղել 457 դիտորդից՝ 42 երկրներից, որոնց թվում եղել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների անդամներ։
Մամուլի ասուլիսին նա ընդգծեց, որ ընտրությունները տեղի են ունեցել Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում, երբ երկիրը շարունակում է գործել բարդ ժողովրդավարական և աշխարհաքաղաքական միջավայրում։
«Քարոզարշավը լի էր առճակատողական մոտեցումներով և բաժանարար հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և այլ ընտրական խախտումների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներով, ինչի հետևանքով մի շարք ընդդիմադիր ուժեր զերծ մնացին ակտիվ քարոզչությունից»,- ասաց նա։
Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ մտահոգություններ են առաջացրել նաև պետական կառույցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրված հնարավոր ճնշումները՝ իշխող կուսակցության քարոզարշավերին մասնակցելու նպատակով, ինչպես նաև նախընտրական շրջանում իրականացված որոշ սոցիալական և տնտեսական միջոցառումները։
Նա ընդգծեց, որ քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության և կանոնակարգման թերությունները սահմանափակել են թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։ Նա բարձր գնահատեց ընտրական գործընթացի կազմակերպումը՝ նշելով, որ միջազգային դիտորդները 1403 ընտրատեղամասերում հիմնականում դրական գնահատականներ են արձանագրել։
«Բավականին բևեռացված քաղաքական միջավայրի, տարածաշրջանային լարվածության, անվտանգային մտահոգությունների և աշխարհաքաղաքական ճնշումների պայմաններում այս ընտրությունները կարևոր փորձություն էին Հայաստանի ժողովրդավարության համար»,- նշեց Քարիմին։
Նա նաև ընդգծեց, որ ընդդիմադիր ներկայացուցիչների նկատմամբ ձերբակալությունների և քրեական հետապնդումների նախաձեռնումը, բևեռացված մեդիա միջավայրը, սադրիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունը և արտաքին ճնշումները մարտահրավեր են նետել ժողովրդավարական դիմակայունությանը և հանրային քննարկումների ամբողջականությանը։
Մանրամասները` տեսանյութում: