Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
08.06.2026 | 13:32Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց, որ նախատեսվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների շրջանակը։
Նրա խոսքով՝ եթե ներկայում օրենքով սոցիալական կրեդիտներ նախատեսված են առողջապահության, կրթության և տնային ապահովության ոլորտների համար, սակայն գործնականում կիրառվում են միայն առողջապահության և կրթության ուղղություններով, ապա առաջիկայում նախատեսվում է հնարավորություն ստեղծել սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու նաև լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին։
«Կսահմանվեն չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները կընդգրկվեն համապատասխան ցանկում։ Այդ դեպքում քաղաքացիները, հայտարարագիր լրացնելիս և սոցիալական կրեդիտները պահանջելիս, կկարողանան ընտրել այն ՀԿ-ն կամ լրատվամիջոցը, որին ցանկանում են փոխանցել նախատեսված գումարը։ Կսահմանվի նաև, թե առավելագույնը որքան գումար կարող է ուղղվել այդ նպատակներին»,- ասաց նախարարը:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև հունվարի 1-ը նախատեսվում է աշխատել ՊԵԿ-ի գործընկերների հետ, որպեսզի տեղեկատվական համակարգերը պատրաստ լինեն ապահովելու այս հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Թամազյան