Միջադեպ Արթիկում․ «Հայաստան» դաշինքից պնդում են՝ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին․ վարույթ է նախաձեռնվել
Քաղաքականություն
03.06.2026 | 18:55
Երեկ երեկոյան Արթիկում ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Հայաստան» դաշինքից հայտնում են, որ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին, վնասվել է նրա աչքը։
Վերջինը News.am-ին որոշ մանրամասներ է պատմել միջադեպից։
«Միջադեպը տեղի ունեցավ շատ հանկարծակի ու անսպասելի։ Ուրեմն, ենթադրությունս հետևյալն էր՝ եթե մարդ փորձում է ինչ-որ մեկին տեսնել, հայացք գցել, դրա հայացքի ենթատեքստի տակ մարդիկ կարող են հասկանալ, որ կարելի է մարդու հանդեպ բռնություն կիրառել։ Սա չընդունված միջադեպ է, որ մարդը մեկին նայելով կարող է ինչ-որ վիրավորական կոպտագույն խախտում թույլ տալ այդ մարդու նկատմամբ»,- ասաց նա։
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանը ևս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս միջադեպին։
«Ես ընդամենը կարող եմ արձանագրել, որ այն անձը, ով «Հայաստան» դաշինքի աջակից է, ՔՊ-ական մի ոհմակ հարձակվել է իր վրա, որքան տեղյակ եմ՝ այդ թվում պատգամավորի թեկնածու կամ իրենց հարազատները։ Այսինքն՝ փաստը սա է, հիմա մի մասն ասում է՝ քաղաքական հողի վրա է, մի մասն ասում է՝ կենցաղային հողի վրա է, չգիտեմ, բայց օրը ցերեկով մի խումբ ՔՊ-ականներ հարձակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա և կապ չունի, թե որ քաղաքական միավորի աջակից է»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Քոչարյանի թիմակիցը նաև քննադատեց իշխող ուժի կողմից միջադեպը չդատապարտելը։
«Վերջը դուք պետություն եք, իշխանություն եք, թե փողոցի խուժաններ եք։ Իրենք համատարած իրենց պահում են խուժանի պես, ես կարծում եմ՝ այս ամեն ինչի գնահատականը մեր ժողովուրդը ամսի 7-ին կտա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև պնդեց, որ եթե նույնն աներ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, ապա արդեն ձերբակալված ու կալանավորված կլիներ։
Քննչական կոմիտեից, Factor TV-ի հարցին ի պատասխան, նշեցին, որ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ անձ չի ձերբակալվել։
Ի դեպ, պաշտպանության նախարար, ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանը News.am-ի հետ զրույցում կասկած էր հայտնել, թե Արթիկում ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին և վստահեցրել, որ իրավապահ մարմինները կարձագանքեն։
Հավելենք, որ երկու ամիս առաջ՝ մարտի 7-ին, Հակոբ Հարությունյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, ասել, որ նրա կրծքին ամրացված քարտեզը չի համարում հիմնական քարտեզ, վիճարկել եկեղեցու վերաբերյալ բարձրացված մոտեցումները և նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա նախագահ և վարչապետ, գոյություն ունի նաև Հայաստանի Հանրապետության Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վարչապետը հակադարձել էր՝ «կաթողիկոսը չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործել» և ընդգծել, որ ինքն է հարյուր հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որովհետև քաղաքացիները քվեարկել են իր օգտին։
Արփի Հակոբյան