Զորամասից՝ տեղամաս․ ինչպես են քվեարկելու զինծառայողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2026 | 20:00Հունիսի 7-ին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների նման ընտրատեղամասեր կգնան նաև ժամկետային և պայմանագրային զինծառայողները։ Նրանք կքվեարկեն իրենց զորամասերին մոտ գտնվող բնակավայրերում ձևավորված տեղամասերում։ Սակայն, ի տարբերություն մյուս ընտրողների, զինվորների ընտրական ցուցակները չեն հրապարակվի:
«Դրանք փակ, գաղտնի ծրարով հատկացվում են տեղամասային կենտրոններին։ Քվեարկության օրը ցուցակները բացվում են, երբ զինվորը ներս է մտնում տեղամասային կենտրոն: Քվեարկեցին, ավարտեցին, որից հետո դուրս են գալիս քվեարկության սենյակից և դարձյալ ցուցակները զմռսվում, դրվում են չհրկիզվող պահարան»,- ասում է ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը:
Զինծառայողների ցուցակները ընտրություններից երկու օր առաջ հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովը տեղեկանում է միայն, թե քանի զինծառայող է քվեարկելու տվյալ տեղամասում, սակայն այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Գաղտնի են նաև զորամասի գտնվելու վայրում հաշվառված նրանց ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների տվյալները:
«Ցուցակները կազմվում, վարվում, կնքվում և ստորագրում են զորամասի հրամանատարի կողմից։ Ընտրական տեղամասը դրա հետ կապված փոփոխությունների ենթարկելու կամ ավելացնելու, պակասացնելու որևէ գործառույթ չունի, դրանք կատարվում են նախապես։ Նախնական ցուցակները փակցվում են զորամասի ներսում, զինվորներին տեսանելի վայրում, որպեսզի տեսնեն ցուցակներում ներգրավված են թե ոչ, եթե ներգրավված չեն, ապա զորամասի հրամանատարի կողմից կարգավորվում են»,- նշում է Տերչանյանը։
Զինծառայողներն ընտրատեղամաս պետք է գնան զինվորական գրքույկով։ Սակայն կարևոր հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նրանք մինչև ընտրությունները ծանոթանում քաղաքական ուժերի ծրագրերին ու նախընտրական քարոզչությանը։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ զորամասերի ղեկավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի զինվորները կարողանան դիտել քաղաքական գովազդներ, նախընտրական հաղորդումներ և բանավեճեր։ Բացի այդ, զորամասերում պետք է հասանելի լինեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ծրագրերը՝ տպագիր, իսկ հնարավորության դեպքում նաև ծանոթանան դրանց էլեկտրոնային եղանակով:
Զինծառայողները կարող են հետևել քարոզչությանը միայն ծառայողական պարտականություններից ազատ ժամանակ։ Ընդ որում, օրենքն արգելում է հրամանատարական կազմին օգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ զինվորների՝ նախընտրական տեղեկատվությանը ծանոթանալու իրավունքը սահմանափակելու կամ խոչընդոտելու համար։ Սակայն հնարավո՞ր է զինվորների ազատ ընտրական իրավունքի վրա ազդել հենց քվեարկության օրը։
«Զինված ուժերը քաղաքական չեզոքություն ունեն, զինված ուժերը շարունակելու են իրենց քաղաքական չեզոքությունը պահպանել։ Ես այսօր տեսել եմ՝ ընդդիմադիր գործիչներից մեկն էր կոչ անում զինվորներին, որպեսզի քվեարկեն այս կամ այն կերպ, բայց պաշտպանության նախարարը նման կոչ չի անում, կարծում եմ, սա ևս կարևոր տարբերություն է, զինվորներն էլ են դա հասկանում դա»,- Factor TV-ի տաղավարում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Օրենսդրությունը նախատեսում է մեխանիզմներ, որոնք պետք է նվազեցնեն զինծառայողների քվեարկության վրա հնարավոր ազդեցության ռիսկերը և ապահովեն նրանց ազատ ընտրելու իրավունքը: Այդ մեխանիզմներից մեկը վերաբերում է հենց զինվորների՝ տեղամաս տեղափոխվելու և քվեարկության գործընթացին։
«Զինվորները գնում են հրամանատարների ուղեկցությամբ, բայց առանց շարային կարգի։ Դա արվում է նրա համար, որպեսզի այդ ուղղորդման և վերահսկվող քվեարկության ռիսկերը հնարավորինս նվազեցվեն։ Հրամանատարը զինվորների պես ևս ընտրող է, նա պետք է քվեարկի և անմիջապես դուրս գա տեղամասից, նա ավելորդ երկար տեղամասում լինելու և իր ներկայությամբ զինվորների նկատմամբ որոշակի ճնշումներ կամ վերահսկողության զգացողություն առաջացնելու իրավունք չունի»,- ընդգծում է «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մերի Մինասյանը։
Ռազմաբժշկական հոսպիտալում բուժվող զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները նույնպես հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին․ այս դեպքում գործում է շրջիկ քվեատուփի մեխանիզմը։
Քվեարկելու իրենց իրավունքն արդեն իրացրել են արտերկրում բնակվող ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները: Նրանք քվեարկել են էլեկտրոնային եղանակով: Քվեարկությունը նրանց համար սկսվել է մայիսի 29-ից և ավարտվել մայիսի 31-ի ժամը 20:00-ին: Թե այս խմբի՝ ընտրելու իրավունք ունեցող 272 անձանցից քանիսն են օգտվել այդ իրավունքից, կիմանանք հունիսի 7-ին ժամը 20:00-ից հետո:
Այնուամենայնիվ, դժվար է միանշանակ ասել՝ զինծառայողների քվեարկությունը վերահսկվո՞ւմ է, թե՞ նրանք ընտրություն են կատարում լիովին ինքնուրույն։ Դիտորդական առաքելությունից նշում են, որ նախորդ ընտրությունների ընթացքում եղել են իրավիճակներ, որոնք նման մտահոգությունների տեղիք են տվել, և այս ռիսկերը շարունակում են մնալ։ Իսկ թե ինչ պատկեր կտեսնենք այս ընտրություններին, պարզ կդառնա հունիսի 7-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան