Կսուբսիդավորվի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը․Պապոյան
Տնտեսություն
03.06.2026 | 16:24
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է, որ Կառավարությունը վաղը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքների՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը։ Ծրագրով նախատեսվում է նաև վերադարձնել ԵՄ արտահանվող թարմ պտղի, բանջարեղենի և ծաղիկների մաքսատուրքը։
«Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը:
Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:
Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։
Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերջին շաբաթներին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք գյուղմթերքների, ծաղիկների ներմուծման նկատմամբ՝ պատճառաբանելով ֆիտոսանիտարական խնդիրները։ Սահմանափակումների ֆոնին Կառավարությունը հայտարարում է արտահանման նոր ուղղությունների և արտադրողներին աջակցելու ծրագրերի մասին։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել նոր շուկաներ, իսկ ԵՄ-ն քննարկում է Հայաստանին առևտրային արտոնություններ տրամադրելու հնարավորությունը։