Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2026 | 23:00«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որի ուժը սատարում է «Միասնության թևեր» կուսակցությանը, Factor TV-ի տաղավարում խոսել է երկրի առջև ծառացած մարտահրավերների, ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստի և ընդդիմադիր դաշտի մասին։ Նրա համոզմամբ, Հայաստանի բոլոր խնդիրների հիմքում արժեքային համակարգի դեգրադացիան է, և առանց արժեքային հեղափոխության երկիրը չի կարող դիմակայել արտաքին սպառնալիքներին։
Ի պատասխան հարցին, թե արդյոք արժեքային հեղափոխությունն է այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերը, թե՞ անվտանգային և այլ ռիսկերը, Շանթ Հարությունյանը նշեց.
«Ո՛չ թե հիմա է էսօր ամենագլխավոր հարցը արժեքների հեղափոխությունը, այլ 91 թվի Սովետի փլուզումից օբյեկտիվորեն պիտի լիներ արժեքների հեղափոխություն, չեղավ։ Պահպանվեց սովետական, երբեմն նաև բոլշևիկյան իներցիան՝ ընդհանուր արժեհամակարգի, բարքերի, նորմերի, 35 տարի։ Դրա համար էլ Հայաստանն այսօր եկավ, կանգնեց աղետի առաջ։ 98 թվին ընտրվում է պարտկոմը Հայաստանի պրեզիդենտ։ Ոչ թե պարտկոմներին որպես անձ վիրավորելու համար եմ ասում, այլ ասում եմ, որ արժեքային հեղափոխություն չի եղել։ Հիմա էլ, երբ որ դուք ասում եք՝ ավելի կարևոր մարտահրավերներ կան Հայաստանի առաջ, ես խոսում եմ արժեքների հեղափոխության մասին, որպեսզի կարողանանք այդ մարտահրավերներին նորմալ դիմագրավել։ Որովհետև Սովետը փլուզվեց կոնկրետ արժեքների դեգրադացիայի արդյունքում, արևմուտքի արժեհամակարգը սրան կրեց։ Հիմա մենք պիտի ադեկվատ լինենք համաշխարհային արժեհամակարգերին»։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման արգելքին՝ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ դա իշխանափոխությանն ուղղված քայլ չէ, ունի այլ նպատակներ։
«Եթե Ռուսաստանն ուզեր Նիկոլին տապալեր, ինքը պատժամիջոցները պետք է սկսեր առնվազն ապրիլի սկզբներից, որ դրա հետևանքները հասցներ ընտրական փուլի նախօրյակին, ու հասարակությունը տեսներ, թե ինչ հետևանքներ ու աղետ կարող է լինել սոցիալական առումով, իհարկե։ Բայց քանի որ մեր ԿԳԲ-ն Ռուսաստանի գործիքն է, ոչ թե Հայաստանի անվտանգության մարմին, ինքը ծառայում է Ռուսաստանին և Ռուսաստանին ցանկալի քաղաքական դաշտ է ձևավորում։ Պուտինին պետք է Հայաստանում երկրորդ Նիկոլ՝ զապասով (պահեստային)։ Ոչ թե վատ իմաստով, ասենք, Նիկոլը հողեր է ծախել, չէ, կարող է գա էլ չծախի հողերը, էլի շահագրգիռ շահերը պաշտպանի։ Երկրորդ Նիկոլ՝ նկատի ունեմ արևմուտքի համար ընկալելի ու ընդունելի գործիչ»։
Նրա կարծիքով, Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի իշխանության բերել այնպիսի ուժերի, որոնք ընդունելի չեն արևմուտքի համար, քանի որ դա կբերի Կովկասում երկրորդ ճակատի բացմանը։
Շանթ Հարությունյանը քննադատեց ներկայիս ընդդիմադիր դաշտը՝ այն համեմատելով 88-ի շարժման հետ, որտեղ, ըստ նրա, չնայած գաղափարական տարաձայնություններին, գործում էր ընդհանուր՝ հանուն հայրենիքի գաղափարը։
«88-ին, որ մենք պայքարում էինք, պայքարում էինք ոչ միայն Ղարաբաղի համար, սկզբից էլ Ադրբեջանի դեմ էլ չէր մեր պայքարը, մեր պայքարը բոլշևիկների ու Մոսկվայի դեմ էր։ Բայց մենք ունեինք նաև տարաձայնություններ, բայց մենք երբեք թշնամի իրար չենք դառնում։ Մենք «օբշչի» ճակատով կռվում էինք կոմունիստների դեմ, իրար հետ էլ ունեինք տարաձայնություն, դաժե կարող է մի հատ իրար քաշքշեինք, բան, բայց հաջորդ օրը իրար համար գնում պաստուպկի էինք լինում։ Այսօր նայում եմ, այդ բոլոր ընդդիմադիր դաշտը, իրենք, վրոդի, Նիկոլի դեմ են, չէ՞, բայց նաև իրենք իրար հետ, քանի որ տարաձայնությունն օբյեկտիվ է, ունեն այդ տարաձայնությունը, բայց այդտեղ էլ են թշնամի։ Այս մարդիկ անձնական էգոիստական շահագրգռությունից են ելնում, ու իրենց ամեն մեկին թվում է, որ ինքը մեծ ադալժենի է արել, որ մտել է պայքարի, որ գա հայրենիքը փրկի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան