Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
Հասարակություն
02.06.2026 | 21:56ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների արդյունքում ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում և նախաձեռնվել քրեական վարույթներ։ Ոստիկանության տվյալներով՝ մի շարք քրեական վարույթների շրջանակում իրականացվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ, որոնց մի մասի նկատմամբ կիրառվել են կալանք, տնային կալանք և այլ խափանման միջոցներ։
Ըստ գերատեսչության՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես՝ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։
«Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու և հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով Քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ։ Ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։
«9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:
ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանի խոսքով՝ արձանագրված դեպքերից 36-ը վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։
«Նրանցից 8-ի խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Մյուս քրեական վարույթներով խափանման միջոցներ դեռևս չեն կիրառվել»,- ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը։