Մակրոնը հայտնել է ՌԴ-ից ուղևորվող պատժամիջոցների տակ գտնվող Tagor լցանավի կալանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.06.2026 | 11:51
Ֆրանսիական ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոսում կալանել են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Tagor նավթային լցանավը, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Meduza-ն։
Մակրոնի խոսքով՝ լցանավը Ռուսաստանից էր ուղևորվում։ Գործողությունն իրականացվել է Ֆրանսիայի գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ՝ «ծովային օրենքների խիստ պահպանմամբ»։
«Անընդունելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ ավելի քան չորս տարի։ Այս նավերը, որոնք անտեսում են նույնիսկ ամենատարրական ծովային կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Մակրոնը։
Այս լցանավն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ է։ Նավը Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարին: Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնը լցանավը դասակարգում է որպես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս: ԵՄ-ի տվյալներով՝ լցանավը տեղափոխում է Ռուսաստանում արտադրված նավթ և նավթամթերք: ԱՄՆ պատժամիջոցների ցանկում նշված է, որ այն նավարկում է Պանամայի դրոշի ներքո։
Առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ է կալանում։ Մարտին երկրի ռազմածովային ուժերը ձերբակալել էին Deina նավը, որը Մոզամբիկի դրոշի ներքո նավարկում էր Մուրմանսկից։ Սակայն մեկ ամիս անց ֆրանսիական իշխանությունները թույլ էին տվել, որ այն լքի Մարսելի նավահանգիստը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի