Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
Քաղաքականություն
30.05.2026 | 18:22
Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում տեղակայված Ալի Ալ-Սալեմ ավիաբազային, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։
Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մայիսի 30-ին արձակված բալիստիկ հրթիռը, սակայն դրա բեկորներն ընկել են ավիաբազայի տարածքում՝ վնասելով այդ թվում MQ-9 Reaper տեսակի հարձակողական անօդաչու երկու թռչող սարքեր։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչև 30 միլիոն դոլարի։ Բացի այդ, ամերիկացի մի քանի զինծառայողներ ստացել են կյանքին վտանգ չներկայացնող վնասվածքներ։
Հրապարակման պահին ԱՄՆ հրամանատարությունը դեռ չէր մեկնաբանել Քուվեյթի ավիաբազային իրականացված հարձակման մասին հաղորդագրությունները։