Էդուարդ Սպերցյանն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից․ գործակալ
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբները։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլային գործակալ Տիմուր Գուրցկայան։
«Կա առաջարկ Մերձավոր Արևելքից, մասնավորապես, Սաուդյան Արաբիայից։ Ավելի կոնկրետ՝ Սաուդյան Արաբիայի լավագույն եռյակի ակումբից։ Ֆինանսական պայմանները հարմար են Էդիկի համար, մնում է ամեն բան համաձայնեցնել «Կրասնոդարի» հետ։
Բոլորը սպասում են Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկիի որոշմանը։ Ասում են, որ եթե Էդիկը ցանկանա, Սերգեյ Նիկոլաևիչը բաց թողնի նրան՝ որպես շնորհակալություն «Կրասնոդարում» անցկացրած ժամանակի համար»,- «Это футбол, брат!» հաղորդման եթերում ասել է Տիմուր Գուրցկայան։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում լավագույն եռյակում տեղ են գտել «Ալ Նասրը», «Ալ Հիլյալը» և «Ալ Ահլին»։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։