Զախարովան հայկական ծիրանի արգելքի մասին չի խոսել․ Facebook-ում տարածվում է ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութ
Սոցիալական ցանցերում հերթական աղմկահարույց տեսանյութն է տարածվում․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իբր, խոսում է Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման արգելքի մասին։ Կադրերում Զախարովան կարմիր զգեստով է, ՌԴ ԱԳՆ բրիֆինգի սրահում է, իսկ ձայնը հայտարարում է ծիրանի արտահանման սահմանափակումների մասին։
Տեսանյութն արագ տարածվել է Facebook-ում։ Շատ օգտատերեր այն ընդունել են որպես իրական հայտարարություն։ Factor TV-ին սակայն ստուգել է տեսանյութը և պարզել, որ այն կեղծ է, ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ օգտագործելով Զախարովայի մեկ այլ բրիֆինգի կադրերը։
Իրականում այս կարմիր զգեստով Զախարովան լրագրողների հետ հանդիպել է մայիսի 7-ին։ Այդ օրը նա անդրադարձել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, խոսել Հայաստան-ԵՄ մերձեցման մասին և բավական կոշտ գնահատականներ հնչեցրել Հայաստանի եվրոպական օրակարգի վերաբերյալ։ Սակայն ծիրանի արտահանման կամ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի ներմուծման արգելքի մասին նա այդ բրիֆինգում որևէ հայտարարություն չի արել։
Զախարովան այս թեմային չի անդրադարձել նաև իր վերջին բրիֆինգի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ Ավելին՝ այսօր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ բրիֆինգ ընդհանրապես չի ունեցել։
Կեղծ տեսանյութն առաջինը հայտնվել է «Հետաքրքրիր էջ» անունով Facebook-յան օգտահաշվում 14։30-ին։ Հրապարակումն արդեն հավաքել է ավելի քան 100 հազար դիտում և հարյուրավոր կիսումներ։ Տեսանյութի նկարագրության մեջ Զախարովայի այսօրվա իրական հայտարարությունն է։ Նա «ՌԻԱ Նովոստի» -ի հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, այն կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ հայտարարության մեջ նույնպես ծիրանի ներկրման հետ կապված խոսք չի եղել։

Հավելենք, որ Մարիա Զախարովայի հերթական բրիֆինգը նախատեսված է վաղը՝ մայիսի 28-ին։
Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ օգտատերերի զգալի մասը չի կասկածել տեսանյութի իսկությանը։ Factor TV-ն ուսումնասիրել է նաև տեսանյութը տարածած օգտահաշվի հետագիծը։ «Հետաքրքրիր էջ»-ում առաջին հրապարակումը կատարվել է 2020 թվականի հունիսի 27-ին։ Սկզբնական շրջանում էջը հիմնականում տարածել է շոու-բիզնեսի լուրեր, ժամանցային և հումորային բովանդակություն։
2023 թվականի սեպտեմբերի 27-ից էջի բովանդակությունը սկսել է ավելի շատ նմանվել լրատվականի։ Հրապարակումներում հայտնվել են կայքային հղումներ, որոնք տանում են դեպի znews.am։ Օգտահաշվում «դեղին», clickbait վերնագրերով և մանիպուլյատիվ բովանդակություն է տարածվում։ Հաճախ օգտատերերին առաջարկվում է լուրի շարունակությունը կամ «սկանդալային» տեսանյութը դիտել տարբեր Telegram-յան ալիքներում։

Մայիսի 1-ին էջում առաջին անգամ հայտնվել է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական բաները։ «Հետաքրքրիր էջ»-ը սկսել է օգտատերերին հորդորել միանալ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի պաշտոնական ալիքին, իսկ մայիսի 3-ից՝ նաև Armat Media-ին։

Հիշեցնենք՝ Armat Media-ն պատկանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանին։
Որոշ լրատվականներ վերահրապարակել են ԱԲ-ի միջոցով գեներացված տեսանյութը, դրանցից մի քանիսն ավելի ուշ հեռացրել են այն, սակայն որոշ լրատվական կայքերում այն շարունակում է մնալ։
Նման տեսանյութերով և ՌԴ-ից հնչող սպառնալիքների թեման հավելյալ սրելով՝ փորձ է արվում ընտրություններից առաջ հանրության վրա գործադրել էմոցիոնալ և հոգեբանական ազդեցություն՝ ուժեղացնելով վախի վրա հիմնված ընկալումները և խորացնելով անորոշության ու խոցելիության զգացումը։
Այսպիսով՝ Մարիա Զախարովայի մասնակցությամբ տարածվող տեսանյութը ոչ թե պաշտոնական հայտարարություն է, այլ արհեստական բանականությամբ վերափոխված կեղծ բովանդակություն։ Այն տեղադրվել է մի էջում, որը նախկինում տարածել է հիմնականում ժամանցային և clickbait նյութեր, իսկ վերջին շրջանում սկսել է քաղաքական քարոզչական բովանդակություն առաջ մղել։
Հ. Գ. Քիչ առաջ նաև ՍԱՏՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ տարածվող տեղեկությունները, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չեն համապատասխանում:
Եվգենյա Համբարձումյան