Մոսկվան «գազ» է տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.05.2026 | 21:24Փոխվարչապետ, նախագահի խոսնակ, ԱԳ մամուլի խոսնակ․ Կրեմլի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ վերջին օրերին իրար հերթ չտալով խոսում են ՀՀ մատակարարվող գազի գնից․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է՝ ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, Մոսկվան կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։
«Մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- նշել է Զախարովան։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնեց՝ նամակը ստացել են այսօր օրվա երկրորդ կեսին, ուսումնասիրում են, ըստ անհրաժեշտության կպատասխանեն։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, թե Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազամատակարարման գնի արտոնությունն ի հաշիվ Ռուսաստանի է․ «Դա մեր հաշվին է։ Պետք է իրերն իրենց անունով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»։
Գազի, ինչպես նաև Հայաստանից արտահանվող այլ ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումներին նախորդել էր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵՏՄ։ Սակայն Հայաստանում այդ ընտրությունը կատարելուն պատրաստ չեն, կիրառվող սահմանափակումներն էլ ԵՄ-ի հետ մերձեցմամբ չեն պայմանավորում։
«Կա հակվածություն՝ վերագրել այս խնդիրներն ինչ-որ լարվածության կամ պրոեվրոպական քաղաքականության հետևանքի, ընտրությունների հետ են կապում։ Վախենամ՝ հիասթափեցնեմ այդպես մտածողներին. այս տեսակի խնդիրներ եղել են մշտապես: Այս հարցը ինչքան փորփրեք մեր մամուլը՝ 5, 10, 20 տարի առաջ, ժամանակ առ ժամանակ մշտապես եղել է»,- Factor TV-ի հետ զրույցում մայիսի 26-ին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսական գազը Հայաստան է հասնում 1000 խմ-ի համար շուրջ 170 դոլարով, այն ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիա»-ն է գնում, որը մենաշնորհային դիրք ունի հայկական շուկայում։ Այն իր հերթին բնակիչ բաժանորդին վաճառում է 1000 խմ-ը շուրջ 400 դոլարով։
Գազի գնի թանկացման սպառնալիքներին այսօր անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը պետք է այլընտրանք ունենա․ «Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով։ Դրան կա պատասխան։ Մենք ավելի շատ փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն այդքան էլ լավատես չէ։ Նրա խոսքով՝ գազի սակագինը կարող է եռակի աճել։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի անջատումներ կարող են լինեն, որովհետև դրա հումքի կամ մատակարարման 72%-ը կախված է Ռուսաստանից։
«Ի՞նչ է լինելու․ սպառողը՝ քաղաքացին, եռակի թանկ է վճարելու կամ, բնականաբար, չի կարողանալու վճարել, որովհետև համապատասխան ֆինանսական միջոցները չեն բավարարելու։ Ապրանքները և ծառայությունները մոտավորապես կրկնակի թանկանալու են, այսինքն՝ անուղղակի ազդեցություն է թողնելու։ Միևնույն ժամանակ, գործարանները, արտադրողները, կազմակերպությունները չեն կարողանալու աշխատել վառելիքի և էներգետիկայի բացակայության կամ սակագների պատճառով․ միանգամից սկիզբ է առնելու գործազրկություն»,- ասաց նա։
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալը եզրակացություններ անելու հարցում չի շտապում։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ կաշխատեն ու կքննարկեն կենկրետ առաջարկները․ «Ժամկետ նշված կլինի, չափ նշված կլինի, այդ ժամանակ կարելի է ասել, թե դա ինչ ազդեցություն կունենա։ Ամեն դեպքում, գազի թանկացումը որոշակի ազդելու է և՛ գնողունակության, և՛ գազ օգտագործող բիզնեսների մրցունակության վրա, բայց թե ինչ չափով կազդի՝ այդ չափն այս պահին անհնար է ասել»։
Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն արտագաղթի տեմպերի աճ է կանխատեսում։ Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսությունն այս հարվածին չի դիմանալու․ «Դրան զուգահեռ՝ տեսնում եք, թե ինչ է կատարվում արտահանումների շուկայում. եթե դադարեցնում են արտահանումները կամ սահմանափակում են, եթե դադարեցվում են տրանսֆերտները (որոնց մոտավորապես 70%-ը Ռուսաստանի Դաշնությունից է), փաստացի Հայաստանի Հանրապետության վրա իշխանությունը տապանաքար է քաշում»։
Թունյանն իր հերթին կարծում է, որ Ռուսաստանը հաշվի կառնի ԵՏՄ-ի շրջանակում գործընկերությունը և գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրն ու ակնհայտ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլեր չի անի․ «Իսկ եթե կանեն, ապա այդ դեպքում պիտի հիմնավորումներ ներկայացնեն։ Ես որ ասում եմ՝ կլինի կոնկրետ պաշտոնական որևէ տեղեկատվություն կամ առաջարկ, այդ ժամանակ, կարծում եմ, Հայաստանի կառավարությունը համապատասխան արձագանք կտա»։
Այսպիսով՝ գազի գնի հարցը դուրս է գալիս տնտեսական հաշվարկի շրջանակից և վերածվում քաղաքական ճնշման գործիքի։ Թե ինչ ճանապարհով կգնան Երևանն ու Մոսկվան, դեռ հայտնի չէ։ Քաղաքագետների խոսքով՝ հարցի պատասխանը կուրվագծվի հունիսի 7-ից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան