Իրանի հարստացված ուրանը կոչնչացվի ԱՄՆ-ում, տեղում կամ «այլ ընդունելի վայրում». Թրամփ
Քաղաքականություն
26.05.2026 | 11:49
Թեհրանի ունեցած հարստացված ուրանի պաշարները կա՛մ անմիջապես կփոխանցվեն ԱՄՆ-ին՝ նրա տարածքում ոչնչացման համար, կա՛մ կոչնչացվեն այնտեղ, որտեղ դրանք ներկայում գտնվում են, կա՛մ այլ «հարմար վայրում»՝ Իրանի հետ համակարգված և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է TruthSocial-ում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Սպիտակ տունը նախընտրելի տարբերակ է համարում Իրանի հարստացված ուրանի պաշարների ոչնչացումը Իսլամական Հանրապետությունում՝ առանց դրանք Միացյալ Նահանգներ տեղափոխելու անհրաժեշտության։ Միաժամանակ, Թրամփը հարստացված ուրանն անվանել է «միջուկային փոշի»՝ հղում անելով ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների ռմբակոծություններին։
Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքը պատճառներից մեկն է, որով Թրամփն արդարացնում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից ի վեր Իսլամական Հանրապետության դեմ մղվող պատերազմը: Միացյալ Նահանգները վստահ է, որ իրանցիներն այժմ ունեն ավելի քան 440 կիլոգրամ ուրան, որը հարստացված է մինչև 60%, ինչը զգալիորեն ավելին է, քան անհրաժեշտ է քաղաքացիական միջուկային էներգիայի համար։
Տեսականորեն այս ուրանը կարող է մինչև 90% հարստացվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ինչն այն կդարձնի պիտանի միջուկային զենքի ստեղծման մեջ օգտագործելու համար: Թեհրանի իշխանությունները բազմիցս հերքել են ատոմային ռումբ ստեղծելու որևէ մտադրություն՝ պնդելով, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, միաժամանակ, սպառնացել են նոր հարձակումների դեպքում անցնել ուրանի հետագա հարստացման։
Թեհրանը դեռևս պաշտոնապես չի հաստատել որևէ գործարք, որը վերաբերում է Իրանի հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի փոխանցելուն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի