Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
Քաղաքականություն
25.05.2026 | 22:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի և այլ երկրներին «պարտադիր» խնդրում է ստորագրել Աբրահամի համաձայնագրերը Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ձեռքբերումից հետո, միաժամանակ սպառնալով ռազմական գործողություններով՝ «ավելի մեծ և հզոր, քան երբևէ», եթե երկու կողմերը չկարողանան համաձայնության գալ հակամարտությունը դադարեցնելու համար, գրում է CNN-ը։
«Ես պարտադիր կերպով խնդրում եմ բոլոր երկրներին անհապաղ ստորագրել Աբրահամի համաձայնագրերը, և եթե Իրանը ստորագրի համաձայնագիրն ինձ հետ՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ինձ համար պատիվ կլինի, որ նրանք նույնպես մաս կազմեն այս աննախադեպ համաշխարհային կոալիցիային»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ այս հարցը քննարկել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ասել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից խաղաղության համաձայնագրի կնքման համար կատարված «ամբողջ աշխատանքը»՝ անհրաժեշտ է միանալ Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի և նրա որոշ արաբ հարևանների, այդ թվում՝ Բահրեյնի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները կարգավորող մի շարք համաձայնագրերի։
Թեև նա ասել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ» են ընթանում, այնուամենայնիվ,, կրկին զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն, եթե համաձայնության չհասնեն։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները լավ են ընթանում։ Կա՛մ դա կլինի միայն «հիանալի գործարք բոլորի համար», կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի՝ վերադառնալով ռազմաճակատ և սկսելով, բայց ավելի մեծ և ուժեղ, քան երբևէ»,- հայտարարել է Թրամփը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի