Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
Տնտեսություն
21.05.2026 | 11:55
Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախագիծը նախատեսում է կիսահաղորդիչների նախագծման և վավերացման ենթակառուցվածքների զարգացում, առնվազն 300 աշխատատեղի ստեղծում և Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ոլորտի խթանում։
«Ինժեներական քաղաքում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը։
Շնորհավորելով ներկաներին հայաստանյան տեխնոլոգիական ոլորտում տեղի ունեցած այս նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի նոր ենթակառուցվածքը Ինժեներական քաղաքում կարելի է համարել հայկական գիտահետազոտական և փորձարարական կենտրոն՝ կիսահաղորդիչների նախագծման ոլորտում։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանը ծառայություններ մատուցող և արտահանող երկրից աստիճանաբար վերածվի սեփական տեխնոլոգիական արտադրանք ստեղծող, այն համաշխարհային շուկային առաջարկող և արտահանող տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։ Այս համատեքստում «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի գործունեությունը լավագույնս համապատասխանում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը։
Նախարարն ընդգծել է նաև, որ նոր տեխնոլոգիական կենտրոնը կունենա զգալի ազդեցություն ամբողջ ինդուստրիայի վրա՝ նպաստելով կիսահաղորդիչների նախագծման և միկրոէլեկտրոնիկայի ոլորտների զարգացմանը։ Նրա խոսքով՝ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ը կլինի Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածի կառուցապատման վերջին և ամենախոշոր ներդրում իրականացնող ընկերություններից մեկը։
Նախարարը հավելել է, որ այս փուլով Ինժեներական քաղաքը թևակոխում է զարգացման նոր շրջան, երբ շինարարական աշխատանքներին փոխարինելու են արտադրական, ինժեներական և ստեղծարար գործընթացները։

Միջոցառման ընթացքում Էդուարդ Մուսայելյանը շնորհանդեսով ներկայացրել է ընկերության գործունեությունը, նոր տեխնոլոգիական կենտրոնի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև կիսահաղորդիչների նախագծման և վավերացման ոլորտում նախատեսվող ծրագրերը և զարգացման հեռանկարները։ Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի առնվազն 300 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։
«Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի նոր տեխնոլոգիական կենտրոնում կտեղակայվի նաև ընկերության կողմից Siemens-ից ձեռք բերված սուպերհամակարգիչը՝ էմուլյատորը, որը կարևոր նշանակություն ունի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։ Այն հայկական ընկերություններին հնարավորություն կտա տեղում իրականացնել նախագծվող չիպերի թեստավորումն ու վավերացումը՝ մինչև արտադրական փուլ անցնելը։
Կիսահաղորդիչների ոլորտում վավերացման (validation) փուլը համարվում է ամենաբարդ և ծախսատար գործընթացներից մեկը՝ կազմելով չիպերի մշակման ընդհանուր ժամանակի և բյուջեի շուրջ 80 տոկոսը։ Մինչ այժմ հայկական ընկերություններն այդ գործընթացն իրականացրել են արտերկրում՝ կրելով զգալի ժամանակային և ֆինանսական ծախսեր։

Ռազմավարական այս ենթակառուցվածքով Հայաստանը դառնում է ոչ միայն ծրագրային լուծումներ մշակող, այլև սեփական ապարատային տեխնոլոգիաների և չիպերի նախագծմամբ զբաղվող տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ ամրապնդելով երկրի տեխնոլոգիական մրցունակությունը և խթանելով արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների առաջընթացը։
Պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտների զարգացման համար՝ խթանելով նոր ընկերությունների ձևավորումը, մասնագիտական ներուժի աճը, արդյունաբերական ենթակառուցվածքների ընդլայնումը և բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում։