«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
«Սաութհեմփթոնը» զրկվել է անգլիական Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչին մասնակցելու հնարավորությունից։ Բացի այդ, հաջորդ մրցաշրջանում թիմից կհանվի 4 միավոր, հաղորդում է Անգլիական ֆուտբոլային լիգայի (EFL) մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սաութհեմփթոնի» ներկայացուցիչը լրտեսություն է արել «Միդլսբրոյի» դեմ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ։ Ակումբի վերլուծաբանը գաղտնի նկարահանել էր մրցակցի նախախաղային մարզումը։
«Սաութհեմփթոնը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 2:1) «Միդլսբրոյին» և դուրս եկել եզրափակիչ, որտեղ պետք է Պրեմիեր լիգայի ուղեգիրը վիճարկեր «Հալ Սիթիի» հետ։ Եզրափակիչի ուղեգիրը բաժին է հասել «Միդլսբրոյին»։
