Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ առաջին համար Նիկոլ Փաշինյանը Սպիտակում խոսել է Հայաստանի տարածքում հայերի թվի մասին ու սխալ պնդում է արել․
«Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք էդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ մենք էլ վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստ է, մենք չենք կարա ասենք ․․․ Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք էսօրվա իրավիճակով, էսօրվա ստատուս-քվոյով», – ասել է Փաշինյանը։
Նրա պնդումը սխալ է այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի ժամանակ՝ 1989 թվականին, ՀԽՍՀ տարածքում բնակվող հայերի թիվը եղել է նրա ասած ցուցանիշից ավելի՝ 93,3 տոկոս։
Դրանից առաջ ԽՍՀՄ-ում մարդահամար արվել է 1979 թվականին, և այդ մարդահամարի ժամանակ էլ պարզվել է, որ հայերի թիվը ՀԽՍՀ տարածքում եղել է 89,7 տոկոս, ինչը շատ մոտ է Փաշինյանի ասած ցուցանիշին։
Քարոզչության ժամանակ Փաշինյանը այս պնդումը արել է պատմական համատեքստում, թե Բագրատունիների թագավորության անկումից հետո և մինչև 1918 թվականն այս տարածքում հայերը պետություն չեն ունեցել։
90 տոկոսի մասին Փաշինյանի պնդումը չի կարող վերաբերել այդ ժամանակաշրջանին, քանի որ այդ շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքը առանձնացված չի եղել, այդ թվում՝ Ռուսական կայսրության ժամանակ իրականացված մարդահամարների ժամանակ։
Փաշինյանը նշել է, թե Հայաստանը պետք է լինի ոչ թե կանգառ, այլ հանգրվան, և տարբեր տեղերից եկած հայերը պետք է հաստատվեն և չմտածեն վերադարձի մասին։
Գարիկ Հարությունյան