«Հույս ունենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնին հասցնել ատելության խոսքը»․ Պյոտր Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.11.2018 | 21:23Հեղափոխությունից հետո Հայաստանում շարունակում է ակտուալ մնալ այն հարցը, թե որտեղ են խոսքի ազատության սահմանները։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նկատում է, որ այսօր մեր երկրում կա խոսքի և հավաքների ազատություն։
«Հիմա Հայաստանում մարդիկ ավելի ազատ են, ցանկություն ունեն վայելելու իրենց ազատությունները, սակայն դրանց կարևորագույն ձևավորողն է ԶԼՄ-ն ու քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև քաղաքական ուժերը»,- ասում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Դեսպանն այսօր Երևանում մասնակցում էր «Խոսքի ազատություն․ որտեղ են սահմանները» խորագրով փորձագիտական քննարկմանը, որի ժամանակ ասաց, որ ազատ խոսքը միշտ չէ, որ գեղեցիկ է և քաղաքավարի, այն կարող է լինել տհաճ։ Հենց այդ պատճառով քաղաքական գործիչները պետք է մի քիչ ավելի հաստակաշի լինեն, քան քաղաքացիները։ Լրագրողների հետ զրույցում դեսպանը նկատում է, որ Հայաստանում սպասվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ, պետք է տեսնել, թե ինչ դեր ունի ատելության խոսքը Հայաստանի քաղաքական դիսկուրսի վրա․ «Մենք հույս ունենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնին հասցնել ատելության խոսքը, քանի որ ատելության խոսքը սպանում է ժողովրդավարությունը, այն բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա»։
Դեսպանը չի կարող ասել՝ այսօր հայաստանցի լրագրողն ինքնագրաքննու՞մ է իրեն, ավելի շուտ լրագրողներն իրենք պետք է պատասխանեն այդ հարցին։ Միաժամանակ, ըստ Եվրամիության ներկայացուցչի, հայ լրագրողները պետք է կարողանան ինքնակարգավորվել։
«Ես եկել եմ այն եզրակացության, որ լրագրողներն իրենք պետք է ձևավորեն այն դաշտը, որում ուզում են աշխատել։ Հայաստանին անհրաժեշտ է նոր օրենսդրություն և նոր միջավայր, որում լրագրողը կաշխատի։ Իմ համոզմամբ դա պետք է սկսվի հանրային լրատվամիջոցներից»,- ասում է դեսպանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համաձայն է պարոն Սվիտալսկու հետ՝ լրագրողները պետք է ձևավորեն իրենց բարոյական և էթիկական միջավայրը:
«Եթե մենք ցանկանում ենք ունենալ իրոք մամուլի ազատության այն աստիճանը, որին արժանի է մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, ապա անհրաժեշտ են լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Խոսքը վերաբերվում է առաջին հերթին այն օրենսդրությանը, որը հեռարձակող լրատվամիջոցների մասին է։ Ամոթ է, որ ժամանակակից թվային ժամանակաշրջանում մենք հանկարծ ունենանք սահմանափակում թվային հեռարձակում իրականացնելու համար»,- ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա նույնպես մեծ տարբերություն է տեսնում նախահեղափոխական ժամանակաշրջանի լրատվամիջոցների և այսօրվա լրատվամիջոցների աշխատանքում։ Այսօր լրագրողներն անկաշկանդ են․ «Մենք այսօր տեսնում ենք, որ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ կիրառվում են այսօրվա իշխանությունների ընդդիմադիրների կողմից, և դա աշխատում է, և որևէ լրատվամիջոց խնդիր չունի այդ միջոցներից օգտվել և քննադատել իշխանություններին որքան հնարավոր է, և նույնիսկ շատ դեպքերում անցնել բարոյական սահմանները, բայց որևէ խնդրի չեն հանդիպում»։
Ի դեպ, սեմինարի կազմակերպիչ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադառնալով սպասվող ընտրություններում լրատվամիջոցների դերին՝ ասաց, որ նախորդ տարիների ընտրությունների, քաղաքական զարգացումների փորձը ցույց տվեց, որ նկատվում էր բացասական հռետորաբանության ավելացում, երբեմն անցնում էին թույլատրելիի սահմանները: Մենք դա պայմանավորում էինք քաղաքական գործընթացներով, սակայն կամաց-կամաց դա տեղափոխվեց լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, և դարձավ լուրջ մտահոգության առարկա։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց, որ այսուհետև պաշտպանի գրասենյակն իր ուշադրության կենտրոնում է պահելու լրատվամիջոցների աշխատանքը։
Մանրամասները տեսանյութում:
Մհեր Արշակյան