Ընտրություններից հետո կառավարությունը կվերադառնա՞ տրանսֆերտները հարկելու գաղափարին, թե՞ կհրաժարվի այդ մտքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տրանսֆերտները հարկելու գաղափարի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Կառավարությունը շարունակում է հերքել՝ նշելով, որ փաստաթղթավորված նման նախագիծ չկա, ընդդիմախոսները, մասնավորապես՝ ՀՀԿ անդամները, իրար հերթ չտալով՝ շարունակում են քննադատել այդ չեղած նախագիծը: Այնուամենայնիվ, նախընտրական այս շրջանում, երբ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն աստիճանաբար թափ է ստանում, այս հարցը գործող իշխանություններին քննադատելու համար գտնված պատճառ դարձավ:

Աղմուկը սկիզբ առավ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մի հարցազրույցից, որտեղ նա հայտարարել էր, թե 2020 թվականից եկամտահարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ. եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտահարկ վճարել պետությանը:

Այդ գաղափարը կարող է տարածվել հատկապես մեր այն հայրենակիցների վրա, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Այդ երկրում եկամտահարկը 13 տոկոս է, Հայաստանում իշխանությունները պատրաստվում են սահմանել եկամտահարկի միասնական՝ 23 տոկոսանոց շեմ: Եվ եթե ՌԴ-ում աշխատած ՀՀ քաղաքացին 13 տոկոս հարկ է վճարել, այստեղ պետք է վճարի 10 տոկոս տարբերությունը, իսկ եթե ընդհանրապես հարկ չի վճարել, ապա պարտավոր է ամբողջ 23 տոկոսը հայրենիքում վճարել: Եվ որպես առաջին քայլ՝ սեփական եկամուտները հայտարարագրելու համակարգ պետք է ներդրվի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլև բոլորի համար:

ՀՀԿ-ականներն անմիջապես կառչեցին ՊԵԿ նախագահի այս հայտարարությունից և, իրար հերթ չտալով, սկսեցին քննադատել այդ գաղափարը՝ նշելով, թե երբ կառավարությունը չի կարողանում զարգացնել տնտեսությունը և ավելացնել հարկային եկամուտները, իր բացթողումները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին՝ նրանից գանձելով հավելյալ հարկեր:

Իշխանությունները հասկացան, որ նախընտրական շրջանում նման գաղափարի արտահոսքը խիստ վտանգավոր է, մեծ հարված կհասցնի իրենց վարկանիշին։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից մինչև փոխվարչապետն ու նույն ՊԵԿ նախագահը սկսեցին բացատրություններ տալ: Նրանցից որևէ մեկը, սակայն, ամբողջությամբ չհերքեց, որ տրանսֆերտները հարկելու գաղափարը, այնուամենայնիվ, քննարկվել է:

«Ցանկացած եկամուտ պետք է հարկվի, դա ժամանակակից տնտեսագիտության սկզբունքներից է, բայց ես վստահ եմ, որ դա Հայաստանում տեղի չի ունենա»,- ասում է տնտեսական մեկնաբան, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Հայկ Գևորգյանը։ Նա հերքում է, թե կառավարությունը ցանկանում է հարկել տրանսֆերտները, քանի որ քաջ գիտակցում է՝ հարկելը կտա հակառակ էֆեկտը. արդյունքում մեծ կլինի վտանգը, որ ոչ թե եկամուտները կավելանան, այլև կտրուկ կնվազեն բանկային համակարգով փոխանցումները: Բայց եթե չկա տրանսֆերտները հարկելու մտադրություն, ապա այդ մասին ինչո՞ւ է բարձրաձայնել ՊԵԿ նախագահն ու մանրամասն բացատրել, թե դա երբ, ինչպես և ինչու պետք է լինի: «Ինչ-որ տեղ բնական է, որ ՊԵԿ նախագահն այդ մասին խոսում է որպես իդեա, որովհետև իր առաջ դրված խնդիրն առաջին հերթին պետական եկամուտներն ավելացնելն է: Ինքը պիտի երազի դրա մասին»,- պատասխանեց Հայկ Գևորգյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանն էլ կարծում է, որ գործող իշխանություններին դեռ թվում է՝ հասարակությունն իրենց ցանկացած գաղափար կընդունի ծափողջյուններով, ինչպես դա անում էր հեղափոխության օրերին: Միաժամանակ, ընդհանրապես չբացառելով տրանսֆերտների հայտարարագրման և հարկման մեխանիզմի ներդրումը՝ նա կարծում է, որ դրանից առաջ պետք է լուծել մի շարք այլ խնդիրներ: «Դրանցից առաջինը ստվերն է, որի մասին մեր նոր իշխանությունները բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, բայց երբ նայում ենք, թե ստվերից որքան եկամուտ ենք ուզում բերել պետական բյուջե, ապշեցուցիչ է: Այս տարվա առաջին ինն ամիսների համար մեր կառավարությունը պլանավորել էր պետբյուջե բերել 907 մլրդ դրամ, դրանից ավելի բերել ենք ընդամենը 1.3 տոկոս: Տեսեք՝ ինչ միզեռ թիվ է»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Հայաստանն այլ երկրներից՝ հիմնականում ՌԴ-ից ստանում է տարեկան 1.7-2 մլրդ դոլարի չափով տրանսֆերտ: Եվ եթե ներդրվի տրանսֆերտների հարկման մեխանիզմը, ապա այդ գումարի 23 տոկոսը պետք է վճարել պետությանը: Կառավարությունը գուցե մտածում է, որ տրանսֆերտների հարկումով կարող են բյուջետային մուտքեր ապահովել մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարով, բայց դա կունենա նաև բացասական հետևանք: Մեր հայրենակիցների մեծ մասը դրսում աշխատում է՝ շրջանցելով հարկային դաշտը կամ չնչին հարկեր է վճարում: ՌԴ-ն կամ ԵՏՄ մյուս երկրները, որտեղ աշխատում է մեր հայրենակիցների մեծ մասը, ունեն ավելի կոռումպացված և հարկային դաշտից դուրս գործող տնտեսություն: Եվ եթե մեր հարկային մարմինները որոշեն ստուգել արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները՝ պարզելու համար, թե նրանք այնտեղ հարկեր վճարե՞լ են, ապա կվտանգեն նրանց աշխատանքը: Ավելին՝ հարկեր վճարելու կամ նույնն է, թե իրենց եկամուտների ու ապրուստի մի մասից զրկվելու մտավախությունից ելնելով՝ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները, գուցե, ավելի նպատակահարմար գտնեն հարազատներին էլ իրենց հետ տանել:

Ի դեպ՝ արտագնա աշխատողների ուղարկած տրանսֆերտները հարկելու ցանկություն ունեցել են նաև նախկին իշխանությունները, որքան էլ հիմա հերքեն դա: Բայց նախկին իշխանությունները չեն համարձակվել տրանսֆերտները հարկելու մեխանիզմ ներդնել, որպեսզի դժգոհության ալիք չբարձրացնեն: Ի՞նչ կանի նոր կառավարությունը՝ հայտնի չէ: Ենթադրվում է, որ առայժմ ձեռնպահ կմնա՝ զգուշանալով հասարակական դժգոհությունից: Մի հարցում, սակայն, բոլորն են համաձայն. արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների ուղարկած եկամուտները հարկելուց առաջ անհրաժեշտ է տնտեսությունը զարգացնել, ստվերը կրճատել, բնակչության կենսամակարդակը բարձրացնել, որ նման բարեփոխումները ցավոտ ազդեցություն չունենան:

 

Արմինե Ավետյան