Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն զբաղված էր մարզաբազայի՝ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան, առաջին թիմի, նրա անձնակազմի, ինչպես նաև վարչական հատվածի համար նախատեսված մասնաշենքի կառուցմամբ։
Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։
Այսօր ֆուտբոլային կենտրոնը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և «Նոա» ՖԱ-ի գործընկերներին։
Սա ծավալուն և կարևոր օր է հայկական ֆուտբոլի համար, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, «Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նոր սկիզբ՝ դեպի գերազանցություն և դեպի բոլոր այն նպատակները, որոնց ուղղությամբ անվերապահորեն առաջ է շարժվում «Նոա» ՖԱ-ն»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ։