Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
Քաղաքականություն
17.05.2026 | 12:28
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում Էբոլա վիրուսի հազվագյուտ՝ «Բունդիբուգյո» շտամի բռնկման կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է վտանգի երեք աստիճաններից երկրորդը։
ԱՀԿ-ն կիրակի՝ մայիսի 17-ին, հայտարարել է, որ Էբոլա վիրուսի այս տարբերակի նոր տարածումը «միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ» է։ Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ներկայիս իրավիճակը դեռևս չի համապատասխանում ամենաբարձր մակարդակի ահազանգ՝ համավարակ հայտարարելու չափանիշներին։
Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (Africa CDC) տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն մահացել է 88 մարդ, որոնք ենթադրաբար վարակված են եղել «Բունդիբուգյո» շտամով։ Գրանցվել է շուրջ 336 կասկածելի դեպք, սակայն ԱՀԿ-ն զգուշացնում է, որ իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։
Էբոլան հաճախ ավարտվում է մահվան ելքով։ Նախորդ համաճարակների ընթացքում մահացության մակարդակը կազմել է հիվանդացածների 25-ից 90 տոկոսը։ Վարակվածների մոտ նկատվում են բարձր ջերմություն, մկանային ցավեր, լուծ, ներքին արյունահոսություն և օրգանների անբավարարություն։ Վիրուսը փոխանցվում է վարակված անձի կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։
Էբոլայի նոր բռնկման մասին մայիսի 15-ին հայտնել էին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Իտուրի նահանգի իշխանությունները, որտեղ շարունակվում են զինված բախումները։
Հարևան Ուգանդայում նույնպես մահացել է այս վիրուսով վարակված մեկ տղամարդ։ Նրա մոտ նույնպես հայտնաբերվել է «Բունդիբուգյո» շտամը։
ԿԴՀ-ի առողջապահության նախարար Սամուել Ռոժե Կամբաի խոսքով՝ այս շտամի դեմ առայժմ չկա ոչ պատվաստանյութ, ոչ էլ հատուկ բուժում, իսկ մահացության մակարդակը կարող է հասնել 50 տոկոսի։ Գործող պատվաստանյութերն ու բուժման մեթոդները հիմնականում մշակվել են Էբոլայի նախկին՝ «Զաիրյան» շտամի դեմ։
Ամենից շատ տուժած շրջաններում առկա է նաև սուր հումանիտար ճգնաժամ և բնակչության ակտիվ տեղաշարժ, ինչը մեծացնում է վիրուսի տարածման վտանգը։
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը սահմանակից բոլոր տասը երկրները, հատկապես Ուգանդան ու Հարավային Սուդանը, գտնվում են բարձր ռիսկի գոտում։ Կազմակերպությունը կոչ է անում այդ երկրներին անհապաղ միջոցներ ձեռնարկել նոր դեպքերը արագ հայտնաբերելու և բուժելու համար։
Ներկայիս բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի արդեն 17-րդ համաճարակն է։ Նախորդ բռնկումը տեղի էր ունեցել 2025 թվականի օգոստոսին, երբ մահացել էր 34 մարդ։ Ամենախոշոր բռնկումը երկրում գրանցվել է 2018-2020 թվականներին, երբ արձանագրվել էր մոտ 2300 մահ։
Ընդհանուր առմամբ, վերջին 50 տարիների ընթացքում Աֆրիկայում Էբոլայից մահացել է շուրջ 15 հազար մարդ։