Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
Քաղաքականություն
14.05.2026 | 20:14
Հավանայում բողոքի ցույցեր են սկսվել, Կուբան բախվում է տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի ամենալայնածավալ անջատումներին, հաղորդում է Sky news-ը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի էներգետիկայի նախարարը Թրամփի վարչակազմի կողմից կղզու նավթի մատակարարման շրջափակման ֆոնին պետական հեռուստատեսությամբ խոստովանել է. «Մենք բացարձակապես վառելիք չունենք»։
Վիսենտե դե լա Օ Լևին հավելել է, որ Կուբայում էլեկտրաէներգիայի անջատումները վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ աճել են, Հավանայի շատ թաղամասեր օրական 20-22 ժամ էլեկտրաէներգիա չունեն։
Գիշերը հարյուրավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ փակելով ճանապարհները, այրելով աղբի կույտեր, հարվածելով կաթսաներին և բղավելով՝ «Միացրեք լույսերը»։ Reuters-ի տվյալներով՝ մայրաքաղաքում նկատվել են խաղաղ ցուցարարների բազմաթիվ խմբեր, ինչը չորեքշաբթի գիշերը դարձրել է երկրի էներգետիկ ճգնաժամի սկսվելուց ի վեր ամենամեծ ցույցերի գիշերը։ Նշվում է, որ յուրաքանչյուր վայրում ոստիկանական մեծ ներկայություն է եղել, սակայն անվտանգության ուժերը հիմնականում կանգնած են եղել՝ դիտարկելու իրավիճակը։
Հունվարից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրեց երկարատև էմբարգոն՝ ստորագրելով գործադիր հրամանագիր, որով մաքսատուրքեր էին սահմանվում Հավանա նավթ արտահանող երկրների վրա, Կուբայում աճել է էներգիայի պակասը, էլեկտրաէներգիայի անջատումները և ցանցային խափանումները։ Թրամփը և այլ հանրապետական գործիչներ ենթադրում են, որ Կուբան կարող է լինել հաջորդ երկիրը, որն ԱՄՆ-ն կարող է թիրախավորել, Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է երկրի կոմունիստական կառավարությունը տապալելու ցանկության մասին։
Բողոքի ցույցերը տեղի են ունեցել Լևիի՝ պետական լրատվամիջոցներում արված հայտարարությունից հետո, որտեղ նա նշել է, որ Կուբայի էլեկտրաէներգետիկ համակարգը հասել է «կրիտիկական» վիճակի։
«Մենք բացարձակապես վառելիք չունենք, բացարձակապես դիզելային վառելիք չունենք։ Մենք պաշարներ չունենք»,- հայտարարել է նա։
Էներգետիկայի նախարարը նաև ասել է, որ վառելիքի ներմուծման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, սակայն նշել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի հետ բարդացնում է բանակցությունները։
«Կուբան բաց է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է մեզ վառելիք վաճառել»,- ասել է նախարարը։
Դեկտեմբերից ի վեր միայն մեկ խոշոր նավթատար՝ ռուսական դրոշի ներքո նավարկող «Անատոլի Կոլոդկինն» է Կուբա հասցրել հում նավթ՝ մարտին մատակարարելով ավելի քան 700,000 բարել, ինչը Վաշինգտոնը որակել է որպես մարդասիրական քայլ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի