Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.05.2026 | 14:51Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Ապարանում իրենց հավաքի ընթացքում աշակերտների և ուսուցիչների մասնակցության շուրջ բարձրացած աղմուկին՝ հայտարարելով, որ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, իսկ այն դպրոցների տնօրենները, որոնց աշակերտների մասնակցությունը արձանագրվել է, արդեն ազատման դիմումներ են գրել։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ եթե քննությամբ պարզվի, որ տեղի է ունեցել ապօրինի հրահանգ կամ վարչական ռեսուրսի կիրառում, պատասխանատուները միանշանակ կազատվեն աշխատանքից։
«Այնտեղ, որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ իշխանությունները ոչ միայն չեն հրահանգել նման մասնակցություն ապահովել, այլև հակառակը՝ խստորեն հանձնարարել են բացառել վարչական ռեսուրսի կիրառումը։
«Ուսուցիչը իրավունք ունի՞ քաղաքական ակցիայի մասնակցել․ միանշանակ իրավունք ունի։ Բայց հարցն այն է՝ դա վարչական ռեսուրսի կիրառմա՞մբ է, թե՞ օրինականության շրջանակներում է»,- նշեց նա։
Վարչապետը նաև ասաց, որ չորս դպրոցի տնօրենների վերաբերյալ արդեն տեղեկություններ են ստացվել, սակայն նրանց դիմումները չեն մակագրվելու մինչև ծառայողական քննության ավարտը։
«Եթե չենք արձանագրի ապօրինության փաստ, այդ մարդիկ կշարունակեն աշխատել։ Եթե արձանագրենք, դա կունենա հետևանք»,- նշեց Փաշինյանը։
Նշենք, որ երեկ News․am-ն էր տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են ուսուցիչներն ու աշակերտները մասնակցում ՔՊ-ի քարոզարշավին։ Ուսուցիչներն ասել էին, որ քարոզարշավին մասնակցելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար դասաժամերը կրճատել են և աշակերտներին տուն ուղարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։