Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Ֆուտբոլի Իրաքի հավաքականը խնդիրների է բախվել 2026 թ․ աշխարհի առաջնությունից առաջ։ Ազգային թիմի հինգ ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել՝ խոշոր ֆուտբոլային մրցաշարին մասնակցելու համար, հաղորդում է Shafaq News-ը՝ հղում անելով Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Ղալեբ ալ-Զամելիին։
Տարբեր պատճառներով վիզա չեն ստացել Իբրահիմ Բայեշը, Մոհանադ Ալին, Զեյդու Տահսինը, Հեյդար Աբդուլ-Քարիմը և Ալի Ալ-Համադին։
Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է օգնության համար դիմել ՖԻՖԱ-ին։ Երկրի հավաքականը հույս ունի, որ ֆուտբոլային պաշտոնյաները կօգնեն արագ լուծում գտնել խնդրին, քանի որ նշված խաղացողներից շատերն առանցքային են թիմի համար։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։ Առաջին անգամ Մունդիալին կմասնակցի 48 հավաքական։