Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
Քաղաքականություն
13.05.2026 | 16:51
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ Ռիխարդ Ռաշիի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևն անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների դերին՝ փոխադարձ հարգանքի, բարեկամության և գործընկերության վրա հիմնված երկկողմ կապերի ընդլայնման գործում։
Իր հերթին, Ռաշին, գոհունակությամբ նշելով, որ բազմիցս այցելել է Ադրբեջան, նշել է, որ 2022 թվականին եղել է Շուշիում, նաև հավելել, որ այս այցի ընթացքում նույնպես կմեկնի Արցախ՝ դիտարկելու Ղարաբաղի համալսարանի գործունեությունը։ Խոսքը Ստեփանակերտում գտնվող Արցախի պետական համալսարանի մասին է։
Ռաշին նաև շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումների համար։
Ալիևն էլ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից, նշել, որ երկրների միջև առևտրային հարաբերություններն արդեն իսկ բարելավվում են, մասնավորապես, Ադրբեջանից Հայաստան նավթամթերք է արտահանվում։
Անդրադարձ է կատարվել սլովակյան ընկերությունների մասնակցությանը Աղդամի շրջանի Բաշ Գարվենդ գյուղի վերականգնմանը, ընդգծվել է, որ դա ադրբեջանա-սլովակական բարեկամության ցուցանիշ է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի