Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
Քաղաքականություն
13.05.2026 | 19:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների ֆինանսական դժվարությունները գործոն չեն իր որոշումների կայացման հարցում, քանի որ նա փորձում է բանակցություններ վարել Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ՝ պնդելով, որ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումը իր գերակա խնդիրն է, գրում է France 24-ը։
Լրագրողի հարցին՝ որքանով է ամերիկացիների ֆինանսական վիճակը նրան դրդել գործարք կնքել, Թրամփը պատասխանել է. «Ոչ մի կաթիլ»։
«Երբ ես խոսում եմ Իրանի մասին, միակ կարևոր բանն այն է, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին։ Ես ոչ մեկի մասին չեմ մտածում։ Ես մտածում եմ մեկ բանի մասին՝ մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Այսքանը։ Սա միակ բանն է, որ ինձ մոտիվացնում է»,- ասել է Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համար Չինաստանի օգնության կարիքը կունենա, նույնիսկ այն դեպքում, երբ երկարատև խաղաղության համաձայնագրի հույսերը նվազել են, և Թեհրանն ամրապնդել է վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Ես չեմ կարծում, որ մեզ որևէ օգնություն է պետք Իրանի հետ կապված։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ՝ խաղաղ ճանապարհով կամ այլ կերպ»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Նա նշել է, որ Իրանի վերաբերյալ «երկար զրույց» կունենա Սի Ցզինպինի հետ։ Չինաստանը բարեկամական կապեր ունի Իրանի կառավարության հետ և հանդիսանում է Իրանի ամենամեծ առևտրային գործընկերը։ Միաժամանակ, Պեկինը պնդում է ԱՄՆ-Իսրայել Իրանի դեմ պատերազմի խաղաղ լուծման վրա։
Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին X-ում գրել է, որ Իրանը և Չինաստանը երկու քաղաքակրթություններ են՝ խորը մշակույթներով և ամուր հարաբերություններով, և որ ԱՄՆ-ն անկարող է ճնշման միջոցով փոխել Չինաստանի քաղաքականությունն Իրանի նկատմամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի