Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման առաջին գնահատականը

Լուրեր

13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.05.2026 | 11:02
Թուրքիան վերացրեց ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ
13.05.2026 | 10:57
Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն․ ՄԻՊ հաստատությունը ներկայացրել է կարգավորումները
13.05.2026 | 10:46
Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման առաջին գնահատականը
13.05.2026 | 10:43
Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը՝ արձանագրելով Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը և մի շարք ուղղություններով իրականացված բարեփոխումները։ Զեկույցում միաժամանակ ընդգծվում է, որ վիզաների ազատականացման գործընթացը կմնա արդյունքահեն և կախված կլինի բոլոր հենանիշերի լիարժեք ու հետևողական կատարումից։

«2026 թվականի մայիսի 5-ին Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանին փոխանցեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025 թվականի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով․

-համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում,
-դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։

Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խումբ հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Թեև Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակահատված է անցել, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, ինչը բարձր է գնահատվում ԵՄ կողմից։

Զեկույցում մանրամասն ներկայացված են Հայաստանի կողմից չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը․

Փաստաթղթերի անվտանգություն. 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր։ Բացի այդ, կնքվել է պետություն-մասնավոր գործընկերություն պայմանագիր՝ ազգային կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի ապագա անձնագրերի և անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։

Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։

Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք վարչարարական ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվում է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի թվայնացումը։

Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և երրորդ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։

Նկատվում են զարգացումներ սահմանային ուղղորդման մեխանիզմների ամրապնդման, ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ուղղությամբ։

Հասարակական կարգ և անվտանգություն.

2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին է համապատասխանեցրել հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033 թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի մտադրությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՆԳՆ կազմում ձևավորված նոր մասնագիտացված ստորաբաժանմանը՝ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնին, որը բացահայտելու է հանցավորության օրինաչափությունները, կանխատեսելու է հանցագործությունների հավանական ռիսկային գոտիները և դրանց հիման վրա ներկայացնելու է հանցավորության կանխարգելմանն ուղղված առաջարկություններ և ուղղորդող վերլուծություններ։
Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ԳԾ-ն ընդունվելու է 2026 թվականին, և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։

Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև նոր և անկախ անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ է լինելու եվրոպական անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին և լավագույն փորձին։

Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։

Ողջունելով դրական դինամիկան՝ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշերի արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ/ռեկոմենդացիաներ՝ ուղղորդելու Հայաստանին լրացնելու արձանագրված բացերը: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը շեշտում է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների և օրենքների գործնական, հետևողական և արդյունքահեն իրականացումը։

Զեկույցում արտացոլված տվյալներն ընդգծում են Հայաստանի և ԵՄ միջև խորացող կապերը: ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել՝ 2019 թվականի 51000-ից 2024 թվականին հասնելով 86300-ի, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը (այժմ՝ 43.5%): Ավելին, վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում է գրանցել, ինչն արտացոլում է ճամփորդող ՀՀ քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։

Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարումը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։

ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումներին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։