Զելենսկիի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը փողերի լվացման գործով կասկածյալ է
Քաղաքականություն
12.05.2026 | 11:47
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП) հետաքննություն են անցկացնում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է Current time-ը։
НАБУ-ի հաղորդմամբ՝ Երմակը կասկածյալ է Կիևի մոտ էլիտար շինարարության ոլորտում 460 միլիոն գրիվնայի լվացմանը մասնակցած կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու մեջ։ Գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։
«Սխեման» հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում Երմակը նստած է մեքենայում САП դատախազ Վալենտինա Գրեբենյուկի հետ։
Ըստ լրագրողների՝ Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարն իր փաստաբան Իգոր Ֆոմինի հետ ծանոթանում է իրեն առաջադրված մեղադրանքներին։
Երմակը Ուկրաինայի նախագահի աշխատակազմը ղեկավարել է 2020-ից 2025 թվականներին։ 2025-ի նոյեմբերի վերջին, «Էներգոատոմ»-ի շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին, նա հրաժարական է տվել։ Այս տարվա հունվարին Վլադիմիր Զելենսկին այդ պաշտոնում նշանակել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին ղեկավար Կիրիլ Բուդանովին։ Այդ ժամանակ САП-ը նաև հայտնել էր Կիևի կառավարական թաղամասում գտնվող Երմակի բնակարանի խուզարկության մասին, ինչը հաստատել է նաև պաշտոնյան։ Հրաժարականից հետո նա հայտարարել էր, որ ռազմաճակատ է մեկնելու։
Քննիչները կարծում են, որ կոռուպցիոն սխեմայի կազմակերպիչներն են գործարար Թիմուր Մինդիչը, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գործընկերն է «Կվարտալ 95» նախագծում, և ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանը: Սակայն դրանում ներգրավված են եղել նաև այլ բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ: Քննիչների կարծիքով՝ Մինդիչը 2025 թվականի ընթացքում ազդեցություն է ունեցել էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյի և պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովի վրա։
Այսպես կոչված, «Մինդիչի ձայնագրությունները», որոնք քննիչները ձեռք են բերել խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ մեղադրվողների հեռախոսազրույցների գաղտնալսման ընթացքում, առկա է «Ալի Բաբա» մականունով մի տղամարդ, որը հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին: Քննիչները չեն բացառել, որ դա կարող է լինել Անդրեյ Երմակը։
«Украинская правда»-ն մայիսի սկզբին հրապարակել էր նոր հավաստի ապացույցներ այն մասին, թե ինչպես է մասնավոր անձանց մի խումբ, Երմակի և Մինդիչի հետ կապերի միջոցով, վերահսկողություն ձեռք բերել պետական «Սենս» բանկի և երկրի ամենամեծ քիմիական գործարանի՝ «Կարպատնեֆտոխիմի» նկատմամբ։
Մինդիչն «Украинская правда»-ին հաստատել էր НАБУ-ի ձայնագրություններում պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովի հետ զրույցի իսկությունը, բայց պնդել, որ զրույցը հանվել է համատեքստից։ Մինդիչը լքել է երկիրը, Ուկրաինան Իսրայելից պահանջում է նրա արտահանձնումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի