Զատուլինը հայտարարել է, թե ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում «Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները»
Քաղաքականություն
08.05.2026 | 17:18
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները։ НСН-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը, իբր, «երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի»։
«Նա Ռուսաստանի անվիճելի թշնամին է, որը, իշխանության գալով, որոշ ժամանակ ստիպված էր քողարկել իր մտադրություններն ու նպատակները։ Մենք թույլ տվեցինք, որ մեզ համոզեն, որ նա կհարմարվի, որ չի հեռանա։ Բայց նա օգտագործեց մեզ։ Նա չի թաքցրել իր հայացքները վարչապետ դառնալուց առաջ։ Նա գրել էր անցյալից, Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից ազատվելու, Գյումրիում մեր բազան հեռացնելու անհրաժեշտության մասին։ Մեզ համար խելագարություն է, որ կարծում էինք, թե նա իշխանության գալուց հետո հանկարծ ամբողջությամբ կանցնի մեր կողմը կամ կհրաժարվի իր համոզմունքներից։ Այս առումով նա լիովին հետևողական մարդ է։ Նա, անկասկած, խորամանկ է։ Ահա թե ինչու նա բարձրաձայն չի ասում այս ամենը, հատկապես, երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց հիմա նա նաև այդ դիմակներն է հանել։ Դրանք հանվել էին 2022 թվականին, քանի որ մենք մտանք Արևմուտքի հետ առճակատման մեջ, որին նա ձգտում է։ Եվ նա սկսել է իրականացնել այս քաղաքականությունն ավելի ու ավելի մեծ ծավալով և մասշտաբով»,- հայտարարել է Զատուլինը։
Ռուսաստանցի պաշտոնյայի պնդմամբ՝ եթե Փաշինյանը վերընտրվի, իրավիճակը միայն կվատանա։
«Անկասկած, Փաշինյանի վերընտրվելու դեպքում միտումը կլինի վերջնական խզումը Հայաստանի և միությունների շրջանակում նրա պարտավորությունների միջև։ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է պաշտոնապես ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելիք ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանին հաջողվի ապահովել ևս մեկ հաղթանակ։ Փաշինյանն արդեն բավականաչափ բան է արել՝ կասկածի տակ դնելու այս ընտրությունների ազնվությունը, արդարությունը, օբյեկտիվությունը և օրինականությունը»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի