Էդուարդ Սպերցյան․ «11-մետրանոցները վիճակախաղ է»
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։ Պրեմիեր լիգայի ուղու եզրափակիչում երկրի գործող չեմպիոնը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր Մոսկվայի «Դինամոյին»։
«Հետաքրքիր ու բարդ հանդիպում էր։ Շատ ուրախ ենք հաղթանակի առթիվ։ Մարզիչն ասաց, թե ովքեր են իրացնելու 11-մետրանոցները, նախորդ օրը փորձարկել էինք։ Լինում է, որ մարզումներից հետո մնում ենք և իրացնում 11-մետրանոցներ։ Իսկ դա արդեն հոգեբանության պահ է։
Դաշտ էինք դուրս եկել միայն հաղթանակի համար։ Ամեն դեպքում, խաղում էինք տանը։ Ցավոք, չստացվեց խաղից գոլ խփել, բայց նաև բաց չթողեցինք, իսկ 11-մետրանոցները վիճակախաղ է»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ սուպերեզրափակիչում «Կրասնոդարը» մրցելու է Մոսկվայի «Սպարտակի» հետ։