Քվեարկության գաղտնիություն. իրական երաշխիքներ և տարածված միֆեր
Հասարակություն
07.05.2026 | 20:30
Քվեարկությունը գաղտնի է, բայց ընտրակեղծարարները մշտապես փորձում են այն վերահսկելի դարձնել։ Ընտրությունից ընտրություն նրանք նոր եղանակներ են մշակում, սակայն խնդրի էությունը չի փոխվում․ փոխվում են միայն մեթոդներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց կանխարգելման օրենսդրական գործիքները։
Մենք ուսումնասիրել ենք 2021 թ. Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասերում արձանագրված ամենատարածված խախտումները՝ հիմնվելով «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի» դիտորդական առաքելությունների զեկույցների վրա։ Առանձնացրել ենք առավել հաճախ հանդիպող խախտումները։
Դրանք են՝ քվեարկության գաղտնիության խախտումները, ուղղորդված օգնությունը, տեղամասերում անհարկի կուտակումները և քարոզչության իրականացումը։
ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է 5 տարի։ Այս ընթացքում տեխնոլոգիական զարգացումները նոր մարտահրավերներ են առաջադրել ընտրական օրենսգրքին։ Համադրելով հինը և նորը՝ Factor TV-ն ուսումնասիրել է, թե որքանով են գործող օրենսդրական կարգավորումները պատրաստ կանխարգելելու նոր մեթոդները։
Տեսախցիկնե՞ր, թե դատարկ պատեր․ որն է երաշխիքը
«Մեկ է՝ ում էլ ընտրենք, իմանալու են, քվեախցիկներում տեսախցիկներ կան»։
Մեզ դիմած քաղաքացիները մտավախություն ունեն, որ քվեախցիկների ներսում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված, որոնցով ընտրակեղծարարները վերահսկում են քվեարկությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանին էլ ահազանգեր են եղել, որ պետական համակարգում ներգրավված մարդկանց նման եղանակով սպառնում են, որպեսզի քվեարկեն ի հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
Ինչ է ասում օրենքը
Օրենքով ուղղակի կարգավորում չկա գաղտնի տեսախցիկների վերաբերյալ, մինչդեռ ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերով անուղղակիորեն արգելվում է խախտել քվեարկության գաղտնիության սկզբունքը։
ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդված 2-րդ կետի համաձայն՝ ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կամ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ մուտք գործելը կամ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը կարող է պատժվել մինչև հինգ տարի ազատազրկմամբ՝ պայմանավորված հանգամանքներից։
Մեկ այլ խնդիր է, թե ինչպես է վերահսկվում, որ գաղտնի տեսախցիկները գործնականում չհայտնվեն քվեախցիկներում։
Գոհար Մելոյանը չի բացառում, որ հնարավոր է նման սարքեր տեղադրվեն, սակայն վստահեցնում է, որ բոլոր տեղամասերում մինչ ընտրությունները իրենց ներկայացուցիչները ստուգելու են քվեախցիկները՝ ապահովելու քաղաքացիների գաղտնի քվեարկության իրացումը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը բացառում է, որ հնարավոր է ընտրակեղծարարները նման եղանակով վերահսկեն ընտրողներին։
«Ընդհանրապես նման բան չկա, այդպիսի բան չի կարող լինել։ Քվեախցիկները թղթից են, ինչպես են դրանց վրա գաղտնի տեսախցիկներ կամ նմանատիպ սարքեր ամրացվելու»,- ասում է Վահագն Հովակիմյանը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ կետով՝ քվեարկության օրը պետք է հնարավորություն ընձեռվի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրենց տեսադաշտում պահելու տեխնիկական սարքավորումը, քվեատուփը, քվեարկության խցիկները (պայմանով, որ չխախտվի քվեարկության գաղտնիությունը), քվեարկության խցիկներից մինչև քվեատուփն ընկած հատվածը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրի համակարգող Մերի Մինասյանը բացատրում է, որ երբ տեղամասերում ընտրողներ չկան, դիտորդները, վստահված անձինք, ԶԼՄ-ները իրավունք ունեն ազատ շրջելու և ստուգելու քվեախցիկները։

Գաղտնի տեսախցիկներից զատ, ընտրական տեղամասերում առկա են տեսախցիկներ, որոնք ապահովում են ուղիղ կապ՝ հետևելու ընտրական գործընթացին։
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տեղամասերում տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկներով։ Դրանց տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները։ Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ ընտրությունների ընթացքի և գործընթացի թափանցիկությունը հեռարձակելու նպատակով, այնպես են տեղադրվում տեսախցիկները, որ որևէ կերպ հնարավոր չլինի ընտրողի ընտրության գաղտնիությունը բացահայտել, իսկ, օրինակ, եթե տեղամասը դպրոցում է, որտեղ կան այլ տեսախցիկներ, դրանք անջատվում են և փակվում»,- ներկայացնում է ԹԻՀԿ ծրագրի համակարգող Մերի Մինասյանը։
Նա չի բացառում նման եղանակով վերահսկողության կիրառումը, սակայն այն քիչ հավանական է համարում։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը նման խոսակցությունների ակտիվացումը ավելի շատ կապում է միտումնավոր վախի մթնոլորտ ստեղծելու հետ և մատնանշում, որ ընտրողի քվեարկությունը վերահսկելը քրեորեն պատժելի արարք է։
«Կան շրջանակներ, որոնք փորձում են իրենցից ընտրակաշառք վերցրած կամ ինչ-որ կերպ վերահսկողության կամ ազդեցության տակ հայտնված ընտրողներին նման ձևերով խաբել, որպեսզի ընտրողները զերծ մնան նախընտրելի քաղաքական ուժին քվեարկելուց և քվեարկեն այն ուժին, որի համար իրենց պարտադրում են կամ ընտրակաշառք են տվել»,- նշում է Դանիել Իոաննիսյանը։
Փորձագետները ընտրողներին հորդորում են քվեախցիկների ներսում գաղտնի տեսախցիկ կամ քվեախցիկի ուղղությամբ կատարվող նկարահանում նկատելու դեպքում անմիջապես դիմել հանձնաժողովի որևէ անդամի կամ տեղեկացնել ոստիկանությանը։
ՀՀ ընտրական օրենսդրության համաձայն հասարակական կարգի պահպանումն ապահովելու համար յուրաքանչյուր ընտրատեղամասում կան ոստիկանության աշխատակիցներ (նախապես՝ ըստ ընտրատեղամասերի մշակված ցուցակների), որոնք ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանումը, և նման դեպքերում ընտրողը կարող է դիմել ոստիկանության աշխատակիցներին։
Քվեաթերթիկը՝ քողարկված սարքերի թիրախում
Հեռախոսների, խելացի ժամացույցների, տեսանկարահանող ակնոցների և քողարկված տեսախցիկների միջոցով տեսականորեն հնարավոր է ինչպես ուղիղ կապով, այնպես էլ տեսաձայնագրությամբ վերահսկել ընտրողի քվեարկությունը։
Նման մեթոդների կիրառման դեպքում ընտրակեղծարարները կարող են ընտրողներին պարտադրել սարքերի միջոցով ցույց տալ քվեարկության ամբողջ ընթացքը՝ քվեախցիկ մուտք գործելու պահից մինչև քվեաթերթիկը ծրարով քվեատուփում գցելը։
Տեսանկարահանող ակնոցները հաճախ դժվար է տարբերել սովորական արևային ակնոցներից։ Քողարկված տեսախցիկները կարող են տեղադրված լինել հագուստի վրա՝ կոճակի տեսքով կամ ամրացված լինել գլխարկին։ Նման սարքերի հայտնաբերումը բարդ է և հիմնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրանք նկատվում են հանձնաժողովի անդամների, վստահված անձանց կամ դիտորդների կողմից։
Հատկանշական է, որ խելացի ակնոցների և որոշ քողարկված տեսախցիկների մոդելներ կարող են միացվել հեռախոսին՝ ապահովելով ուղիղ եթեր սոցիալական հարթակներում կամ տեսազանգի միջոցով կապ։
Միևնույն ժամանակ, խելացի ակնոցների մեծ մասը չի ապահովում երկարատև, շարունակական տեսանկարահանում․ հիմնական սահմանափակումները կապված են մարտկոցի և հիշողության ծավալի հետ։
Օրինակ՝ Ray-Ban Meta Gen 2 մոդելը կարող է նկարահանել առավելագույնը մոտ 3 րոպե, իսկ ուղիղ եթեր ապահովել՝ մինչև 30 րոպե։
Մինչդեռ ակնոցի մեջ քողարկված որոշ տեսախցիկներ (օրինակ՝ LawMate PV-EG20CL) կարող են ապահովել մինչև 70 րոպե շարունակական տեսանկարահանում։
Խելացի ակնոցների և քողարկված տեսախցիկներով սարքերի գները՝ կախված որակից և հնարավորություններից, տատանվում են 12,000 դրամից մինչև 600,000 դրամ և ավելի։

Հարկ է նշել, որ ՀՀ ընտրական և քրեական օրենսդրությամբ չի արգելվում ընտրողի մոտ տեխնիկական սարքերի առկայությունը։ Սակայն դրանց կիրառումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Համաձայն քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետի՝ քվեարկողի կողմից բաց՝ այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը՝ քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով։
Նույն հոդվածի 2-րդ կետով էլ գաղտնի քվեարկության իրավունքի խախտմանը հարկադրելու պատիժներն են սահմանված(Տես վերևում)։
ԹԻՀԿ ծրագրի համակարգող Մերի Մինասյանի կարծիքով՝ քողարկված սարքերի բացահայտումը բարդ գործընթաց է, սակայն ընտրողի վարքագիծը կարող է կասկած առաջացնել։
«Չեմ կարող բացառել, որ կարող են լինել լուսանկարելու կամ տեսանկարահանելու փորձեր։ Էստեղ դժվար է հասկանալ՝ ակնոցները ուղղակի են, թե տեսախցիկով։ Չգիտեմ, թե որքանով են քողարկված սարքերը բացահայտելի, այնուամենայնիվ, մարդու վարքից կարող է դիտորդ մարմինը, հանձնաժողովը նկատել և դիմել ոստիկանությանը», – նշում է Մինասյանը։
Մեր զրուցակից փորձագետները նշում են, որ նախորդող ընտրություններին քողարկված սարքերով տեսանկարահանման դեպքեր չեն արձանագրվել։
Այս պահին ընտրական օրենսգրքում չեն նախատեսվում փոփոխություններ, որոնք կսահմանափակեն քվեախցիկում տեխնիկական սարքերի առկայությունը։
«Դա քննարկման հարց է, պետք է հասկանալ, թե որքանով է նպատակահարմար։ Այս պահին նման բան չի նախատեսվում, գուցե հաջորդիվ նման որոշում լինի։ Ես այս պահին չեմ տեսնում նման խիստ անհրաժեշտություն», – կարծում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ ում գնահատմամբ առաջիկա ընտրություններում նման դեպքերը մեծաթիվ չեն լինի։
ԹԻՀԿ ծրագրի համակարգող Մերի Մինասյանը ևս կարծում է, որ առաջիկա ընտրություններում կարելի է քննարկել նման սարքերի տարածվածությունը և, ըստ այդմ, որոշել հակազդող մեխանիզմներ։
2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելությունը արձանագրել է միայն մեկ դեպք, երբ ընտրողը քվեախցիկում լուսանկարել է քվեաթերթիկը։ Այլ դիտորդական առաքելությունների զեկույցներում նման դեպքեր չեն արձանագրվել։
Արդյունքում հարցեր են առաջանում՝ ընտրակեղծարարների կողմից նման եղանակով վերահսկողական մեխանիզմներ չե՞ն կիրառվում, թե օրենքն է կարողանում հակազդել, և նրանք սկսել են նոր մեթոդներ ներդնել։
Քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքում ընտրական օրենսգրքի դրույթները հնարավորություն են տալիս, որ ընտրողը չենթարկվի իրեն հարկադրող քաղաքական ուժին։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրողն իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ՝ առանց ծալելու, իսկ չօգտագործվող քվեաթերթիկները գցում է քվեախցիկում առկա առանձին տուփի մեջ։
Ընտրողը տեսականորեն կարող է լուսանկարահանել կամ տեսանկարահանել պարտադրված նշումով քվեաթերթիկը՝ ծրարի մեջ տեղադրելով, ապա լուսա-տեսանկարահանումն ավարտելուց հետո ծրարի քվեաթերթիկը փոխարինել իր նախընտրած տարբերակով։
Հարկ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, և դրա խախտումը թե ընտրողի, թե հարկադրողի կողմից պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով։
2026 թ. ապրիլի 7-ին ընդունված փոփոխություններով՝ եթե ծրարում առկա է գրառում, նշում կամ քվեաթերթիկից բացի այլ իր, այն հաշվարկվում է անվավեր (մինչ փոփոխությունը այդ ծրարները չէին հաշվարկվում)։
Ավելի վաղ՝ 2024 թվականի փոփոխություններով, նման սահմանափակումը հանվել էր, ինչը գործնականում կարող էր օգտագործվել ընտրակաշառքի վերահսկման համար (օրինակ՝ հատուկ նշանով թուղթ դնելու միջոցով)։
Նոր կարգավորմամբ արգելվել է քվեատուփից ծրարը հանելու ժամանակ հանձնաժողովի նախագահի մոտ որևէ այլ իրի առկայությունը։
Հանձնաժողովի անդամների դեպքում նոր կարգավորումներ չկան։
Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ (ՀՀ ընտրական օրենսգիրք՝ 68-րդ հոդված)։
Եթե հանձնաժողովի նախագահի դեպքում հստակ բացառվում է որևէ իրի առկայությունը ձեռքում, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամների դեպքում նման բացառումը միանշանակ չէ, ինչը հարցեր է առաջացնում, թե որոնք կարող են լինել նշումներ կատարելու այլ առարկաները և արդյոք դրանց թվում է նաև հեռախոսը, խելացի ժամացույցը։
«Օգնություն», որը վերածվում է ճնշման
«Մեր ընտրական համակարգը, եթե մարդը ցանկանում է գաղտնի քվեարկել, լիարժեք տալիս է դրա հնարավորությունը», — վստահեցնում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Իսկ արդյոք դա այդպես է այն դեպքերում, երբ առողջական խնդիրներ կամ սահմանափակումներ ունեցող ընտրողն օգտվում է երրորդ անձի օգնությունից։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողը, հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, կարող է ընտրել որևէ անձի, որը կօգնի իրեն։ Սակայն գործնականում այս մեխանիզմը երբեմն վերածվում է ճնշման գործիքի։
«Մենք առերեսվում ենք օգնողի ինստիտուտի չարաշահման դեպքերի։ Թեև օրենքով մեկ ընտրողին կարող է օգնել միայն մեկ անձ, սակայն նկատվում են միտումներ, երբ նույն անձը փորձում է օգնություն տրամադրել տարբեր տեղամասերում։ Քանի որ գրանցամատյանները սինխրոնացված չեն, նման խախտումների բացահայտումը գրեթե անհնար է, եթե դրանք չարձանագրվեն հենց դիտորդական մարմինների կողմից»,- նշում է Մերի Մինասյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը նախատեսում է, որ քվեարկության գաղտնիության խախտումը պատժելի է։ Միևնույն ժամանակ, օրենքը բացառություն է նախատեսում օգնող անձի համար, ինչը նշանակում է, որ նա կարող է տեղեկանալ ընտրողի քվեարկության արդյունքի մասին։

Նույն անձի կողմից տարբեր տեղամասերում ընտրողներին «օգնելը» արդեն հակաօրինական է (ՀՀ ընտրական օրենսգիրք, 67-րդ հոդված, 9-րդ կետ)։ Ավելին՝ եթե օգնությունը պարտադրված է, այն կարող է որակվել որպես քրեական հանցանք՝ նույն 215-րդ հոդվածի 2-րդ մասով։
Դանիել Իոաննիսյանը վստահեցնում է, որ նույն անձը չի կարողանա այլ տեղամասերում ևս օգնել․ «Անկախ դիտորդ» դաշինքը մշակել է գաղտնի մեխանիզմներ, որոնց արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո։
Նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև 2021 թվականի ԱԺ ընտրություններում։ Դիտորդների գնահատմամբ՝ եղել են իրավիճակներ, երբ ընտրողը փաստացի օգնության կարիք չի ունեցել, սակայն դիմել են «օգնության»։
Բացի այդ, հաճախ արձանագրվել են ուղղորդման դեպքեր․ վստահված անձինք հուշել են ընտրողներին՝ ում ընտրել, կանգնել են քվեախցիկին մոտ, իսկ տեղամասերում առաջացել են կուտակումներ։ Եղել են նաև դեպքեր, երբ թեկնածուները այցելել են տեղամասեր՝ ոչ քվեարկության նպատակով։
Թեև 2021 թվականի օրենսդրական կարգավորումներով քվեաթերթիկի վրա ցանկացած ավելորդ նշում այն ինքնաբերաբար անվավեր էր դարձնում, այդուհանդերձ, 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նմանատիպ խախտումներ արձանագրվել են։ Դեպքերից մեկի դեպքում 10/04 տեղամասում միանգամից 64 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Վերահսկողության մեկ այլ մեխանիզմ կիրառվում է տեղամասերից դուրս, երբ ընտրողից պահանջվում է դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկներ։ Նման դեպքերում տեսականորեն ընտրողը կարող է շրջանցել պարտադրանքը և քվեախցիկում ծրարում դնել իր նախընտրած տարբերակը, իսկ արկղից վերցնել այն թերթիկները, որոնք պարտադրվել էր դուրս բերել։
ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոտվածով սահմանվում է, որ չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեախցիկում տեղադրված առանձին տուփի մեջ։
2021-ի ընտրություններում տարածված էր նաև քվեաթերթիկը քվեախցիկից դուրս՝ ծրարի մեջ դնելը կամ մյուս թերթիկները ցուցադրաբար պատռելը։
Վերջինս խախտում է քվեարկության գաղտնությունը և ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոտվածի շրջանակներում։
Թե հին, թե նոր եղանակները, որոնք մշակվում են ընտրակեղծարարների կողմից քվեներ որսալու համար, սովորաբար ուղեկցվում են հարկադրանքով կամ ընտրակաշառքով։

ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը հստակ սահմանում է ընտրակաշառք ստանալու իրավական հետևանքները․
«Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով»։
Իսկ ընտրակաշառք տալու դեպքում նախատեսվում է ավելի ծանր պատասխանատվություն։
ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը սահմանում է, որ ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով, իսկ եթե վերոնշյալ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։
Այսպիսով, թեև ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժներ քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողին հարկադրելու և դրանց հետ փոխկապակցված իրավախախտումների համար, գործնականում վերահսկողական մեխանիզմները չեն կարող լիարժեք բացահայտել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (քողարկված սարքեր, հեռախոսներ, խելացի ժամացույցներ) իրականացվող ընտրակեղծարարությունները։
Ընտրողին օգնելու համակարգը ևս լիարժեք կարգավորված չէ, հատկապես այն դեպքերում, երբ «օգնողը» կարողանում է վերահսկողություն իրականացնել և, իբր օգնության պատրվակով, տարբեր տեղամասերում բազմիցս օգնել ընտրողներին։
Միաժամանակ, ընտրական օրենսգրքով նախատեսված՝ քվեաթերթիկի վրա գրիչով նշում կատարելուց դեպի նախընտրած քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու անցումը որոշ չափով բարելավել է ընտրական համակարգը։
Մարիա Խաչատրյան