Հայտնի է՝ ինչու մրցավարը ՊՍԺ-ի դարպասին 11-մետրանոց չի նշանակել Ժոաու Նևեշի մասնակցությամբ դրվագում
Հայտնի է դարձել, թե ինչու պորտուգալացի մրցավար Ժոաու Պինյեյրուն ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասին 11-մետրանոց հարված չի նշանակել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
Հանդիպման 31-րդ րոպեին ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան սեփական տուգանային հրապարակում փորձել էր հեռացնել գնդակը, որը դիպչել էր նրա թիմակից Ժոաու Նևեշի ձեռքին։ Սակայն մրցավարը չէր նշանակել 11-մետրանոց, ինչը դժգոհություն էր առաջացրել «Բավարիայի» ֆուտբոլիստների և երկրպագուների շրջանում։
Այդ իրավիճակին անդրադարձել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որը ֆուտբոլի կանոնների հեղինակն է։
«Իրավիճակ․ պաշտպանը փորձում է հեռացնել գնդակը։ Գնդակը դիպչում է մեկ այլ պաշտպանի ձեռքին, որը գտնվում է թիմակցին մոտ և իր տուգանային հրապարակում։ Պաշտպանը չէր սպասում, որ գնդակն իր ուղղությամբ կընթանա թիմակցի հարվածից հետո։ Մրցավարի որոշումը՝ նման դրվագներում խաղը շարունակվում է։ Սա ձեռքով խաղ չի համարվում, քանի որ պաշտպանը նպատակ չի ունեցել մարմնի ծավալն արհեստականորեն ավելացնել։ Կարևոր չէ՝ ձեռքը մարմնին սեղմված էր, թե՝ պարզած»,- նշված է IFAB-ի հայտարարության մեջ։
Հիշեցենքն, որ «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով և ֆրանսիական ակումբը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում տարած 5։4 հաշվով հաղթանակի շնորհիվ։ Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալը»։