Լավրովը մռնչաց, Հարավկովկասյան երկաթուղու քրգործը սառեցրին․ բացեք՝ տեսեք ռուսները ոնց են թալանել․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.05.2026 | 20:00«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, նախընտրական ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իրենց ուժի որդեգրած «ընդդիմափոխության» մարտավարությանը, ընդդիմադիր դաշտում ռուսական ազդեցությանը, Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին և Եվրամիության հետ հարաբերությունների հեռանկարին։ Ի պատասխան հարցին, թե արդյոք «ընդդիմափոխության» թեզը հարվածի տակ չի դնում իրենց՝ որպես ընդդիմադիր ուժի գործոնը, Բաբաջանյանը նշել է.
«Որովհետև կարծում ենք, որ Հայաստանում ստեղծվել են իրողություններ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել։ Շատ հստակ մենք տրամադրություններ ենք շոշափում, գիտենք իրականում մեր պետության կարիքները, գույքագրել ենք այդ կարիքները և դրանից ենք նաև մեր մարտավարությունը բխեցրել։ Մեր թիմը ի սկզբանե խնդիր է դրել Հայաստանում որակական, այսպես, սանիտարական մաքրման ենթարկել այն, ինչ դուք կոչում եք ընդդիմություն, որովհետև այն ուժերը, որոնք այսօր ընդդիմություն են, դրանց կարելի է ամեն ինչ կոչել՝ բացի ընդդիմությունից։ Իրենք պետության թշնամիներն են։ Իրենք այսօր Հայաստանի դեմ հայտարարված պատերազմի հակառակ, թշնամու խրամատից են կրակում Հայաստանի վրա»։
Բաբաջանյանը պնդել է, որ այդ ուժերը գործում են Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով.
«2021 թվականին Պուտինը որոշեց Հայաստանի ծայրահեղ ծանր վիճակից օգտվելով՝ զավթել Հայաստանում իշխանությունը։ Չկարողացավ զավթել իշխանությունը, զավթեց ընդդիմությունը։ Հիմա մեր գլխավոր պարտականությունն է այս զավթիչի անունը հնչեցնել՝ որպես միջազգային հանցագործ և մարդասպան, ասել, որ հավաքական Պուտինն է այսօր ընդդիմությունը, և հավաքական Պուտինը պիտի հունիսի 7-ին պարտվի։ Սա մեր ամենակարևոր խնդիրն է։ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Թաթոյան և մյուսներ՝ հավաքական անուն ունեն, և դա հայ ժողովրդի դավաճանի, մարդասպանի հավաքական անունն է՝ Պուտին։ Իրենք բոլորը խամաճիկներ են, իրենք բոլորը Պուտինի կլիենտներն ու էմիսարներն են»։
Արման Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանից բխող տնտեսական և անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանը պետք է այլընտրանքներ զարգացնի։ Որպես կոնկրետ օրինակ՝ նա նշել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը. «Առանց Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը հետ վերցնելու և նոր կառավարչի կամ, եթե Հայաստանը պիտի կառավարի, մենք չենք կարողանալու ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացում ակնկալել։ Այդ հարցը լուծվելու է հունիսի 7-ին։ Հայ ժողովուրդը պիտի ասի, որ այդ կոնցեսիան հետ պիտի գա, և ԹՐԻՓՓ-ը պիտի կենսագործվի»։
Մեկ այլ խնդիր, ըստ Բաբաջանյանի, նոր ատոմակայանի կառուցումն է. «Հայաստանը բավարար քաղաքական կամք ու խիզախություն չունի… Ռուսները այսօր հստակ բան են դրել Հայաստանի առաջ, խնդիր են դրել։ Եթե ուզում եք, որ գործող ատոմակայանի շահագործումը մենք սպասարկենք, ուրեմն պիտի մեզ տաք՝ Ռոսատոմին տաք կառուցման իրավունքը։ Ընդհանրապես այդ ծառայությունը կարող են իրականացնել ամերիկացիները։ Westinghouse-ը, օրինակ, Ռումինիայում, նախկին սոցիալիստական երկրներում կառուցված ռուսական ռեակտորների սպասարկման լավ փորձ ունեն»։
Բաբաջանյանը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է խափանել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում՝ պլանավորելով ահաբեկչական գործողություններ.
«Ես տեղեկություններ եմ հիմա փոխանցում, այո՛, որ ռուսները ծրագրել են Հայաստանում այդպիսի գործողություններ, որպեսզի գագաթնաժողովը չեղարկվի։ Ահաբեկչական գործողություններ, որը պիտի հնարավորություն տար չեղարկել այդ գագաթնաժողովը։ Որպեսզի անվտանգային սպառնալիքներ առաջ գան և նպատակահարմարությունը Հայաստանում անցկացնելու ընդհանրապես դիտարկվի և, օրինակ, հետաձգվի կամ փոխադրվի այլ երկիր։ Ի պատիվ Հայաստանի իրավապահ մարմինների, մի քանի միջոցառումներ միանշանակ հնարավոր եղավ իրականացնել, և դա շատ-շատ լավ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան