«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նկարի մշակման ընթացքում օգտագործվել է արհեստական բանականություն

«Սիրելի 1 միլիոն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել». առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեկնարկը Նիկոլ Փաշինյանի այս խնդրանքով տրվեց։ Դրանից 100 օր անց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ համակարգում ընդգրկված ամեն երրորդ շահառու որևէ հարցով դիմել է առողջապահական հիմնարկ։ 

«Սպասում ենք դանակը հասնի ոսկորին, նոր գնանք բժշկի» խոստովանությունը տարիներ շարունակ կոնկրետ արդարացում ուներ. փող չկա։

Պոլիկլինիկաներում այցն անվճար էր. թերապևտը, ընտանեկան բժիշկը կլսեին՝ ինչն է ցավում, կհուշեին՝ ինչ անել, որ էլ չցավի։ Բայց ասվածն անելու համար գումար էր պետք, ու հաճախ ֆինանսական բեռը ֆիզիկական բեռից՝ ցավից, ծանր էր թվում։

Առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդնելու պաշտոնական հիմնավորումներից մեկն այն էր, որ այդ «փող չկա» ձևակերպումը, ի վերջո, դուրս կգա առողջապահության ոլորտից։ Այն հիմա էլ է հնչում։

  • «Փող չկա» ասողն արդեն ոչ թե բուժառուն է, այլ բժիշկը

«Բուժաշխատողները չգիտեին՝ ոնց են վարձատրվելու։ Գրեթե 7-8 անգամ նվազեց աշխատավարձը։ Բնական էր, որ բուժաշխատողները չէին համակերպվելու դրա հետ, և բավականին լայն արձագանք ստացավ»։

Դիտարկումը «Բժշկի ձայնը» նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գրիգորյանինն է։ Բժիշկներն իրենց անհամաձայնությունը հենց այս խմբի միջոցով բարձրաձայնեցին, կազմակերպվեցին քննարկումներ, ասուլիսներ, ակցիաներ։ Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ բացի 60-70 հոգուց՝ այլ մարդկանց մոտ գրանցվել է ոչ թե աշխատավարձի նվազում, այլ ավելացում։ 

«2-3 մասնագիտություն ունենք, որոնց ընդհանուր բժիշկների թիվը մոտ 60-70 հոգի է, և նրանց աշխատավարձն էլ մարտին հիմնականում նույնն է մնացել, որովհետև մենք պոլիկլինիկաների հաշվին նրանց աշխատավարձը բերել ենք նախկինին»,- նշեց նախարարը։

Սակայն մինչև օրս բժիշկները շարունակում են պնդել՝ առաջ սպասարկում էին 3 բուժառուի և ստանում, օրինակ, 5000 դրամ, հիմա սպասարկում են 10 պացիենտի և ստանում 4000 դրամ։

«Բժիշկն ավելի շատ է աշխատում, ավելի շատ է պատասխանատվություն վերցնում, ռիսկերի մեջ մտնում, բայց, դրա հետ մեկտեղ, գումարը պակասել է»,- ասում է «Աջափնյակ» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր տնօրեն, «Աջափնյակ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Մանուկյանը։

Բժիշկը նախկինում գիտեր՝ իր մատուցած կոնկրետ ծառայության համար ստանում է կոնկրետ գումար։ Հիմա վճարողը ոչ թե բուժառուն, այլ պետությունն է, որն ասել է՝ մատուցեք նույն ծառայությունը, բայց ավելի ցածր գնով․ «Ատամի հեռացումը փոքրիկ վիրահատություն է։ Մեզ մոտ՝ «Աջափնյակ» ստոմատոլոգիական կլինիկայում, ատամի հեռացումը մինիմալ 6000 դրամ է։ Պետությունը փոխհատուցում է 3000 դրամ։ Եթե առաջ 6000 դրամով մենք՝ ստոմատոլոգները, մեծ պատասխանատվությամբ, օգտագործելով ամենաբարձրակարգ նյութերը, բարձրակարգ տեխնոլոգիաները, հեռացնում էինք այդ ատամը և չէինք ունենում որևիցե խնդիր, այս պարագայում ստիպված ենք լինում, երևի թե, օգտագործել ավելի ցածր նյութեր, և մասնագետը, որն ունի մեծ փորձ, բավականին մեծ անցած ճանապարհ, արդեն չուզենա այդ գործողությունն անել»։

Այս հարցն Ազգային ժողովում բարձրաձայնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․ ««Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկ մասնագետի նախնական խորհրդատվություն՝ 10,000 դրամ, ընդլայնված խորհրդատվություն՝ 15,000 դրամ, գլխավոր մասնագետի խորհդատվություն՝ 25,000 դրամ, իսկ էդ նույն խորհրդատվությունն ապահովագրական համակարգի շրջանակում ընդամենը 30,000… կներեք, մեղա-մեղա… 3 հազար դրամ»։

«Առանձին ծառայությունների գնագոյացումը և շուկայական արժեքը կարող է տարբեր լինել ընդհանուր մեծ գնորդի կողմից կանխատեսելի ու մեծ գնում իրականանցելուց»,- պատասխանել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ստացվում է՝ տեղի ունեցողը մեծածախ վաճառք է։ Բայց բժշկից արդարացի սպասումը մանրակրկիտ աշխատանքն ու անհատականացված մոտեցումն է։ Ակնկալիքների հստակ սահմանումն ու գնագոյացման՝ նույնպիսի հստակ մեխանիզմ ունենալն այս հարցի, թերևս, ամենակարևոր շերտն է, որը բացել փորձեցինք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամում։

  • Ի՞նչ արժե բժշկական ծառայությունը. որոշում է ոչ թե բժիշկը, այլ պետությունը

«Մենք երբեք մեր ծառայությունների գները հաշվարկելիս չենք առաջնորդվել դրանց գործող շուկայական գների մեծությամբ։ Մենք առաջնորդվել ենք այն մեթոդաբանությամբ, որը հաստատված է եղել մինչ այդ էլ՝ 2019 թվականի առողջապահության նախարարի հրամանով, հիմա էլ հաստատվել է Կառավարության որոշմամբ։ Նախկինում ցանկացած բժիշկ ինքնուրույն կամ բուժհիմնարկի տնօրինության հետ որոշել են իրենց խորհրդատվության արժեքը՝ առանց որևէ նմանատիպ հաշվարկ իրականացնելու»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

Ըստ նրա՝ բժիշկները սովոր են եղել այլ աշխատավարձի, բայց սովորությունները պետք է փոխել․ «Այսինքն՝ իրենք ուզում են 3 մարդ սպասարկեն ու 50,000 դրամ գումար աշխատե՞ն։ Իսկ մեր հանրությունը համաձա՞յն է, որ բժիշկը աշխատի մի ժամ ու աշխատի շատ ավելի շատ, քան, օրինակ, մյուս քաղաքացիները, որոնք աշխատում են 5 ժամ էդ գումարն ունենալու համար։ Օրինակ՝ թերապևտը պետք է ստանա 2 միլիոն դրա՞մ, թե՞ 500,000 դրամ։ Էդ դեպքում մենք պետք է մեր հանրությանն անկեղծ ասենք, որ պետք է ապահովագրավճարը բարձրացնենք, դարձնենք 150,000 դրամ, որպեսզի մենք էս բժշկին հնարավորություն տանք, որ 3 մարդ ընդունի ու 50,000 դրամ աշխատավարձ ստանա»։

Բժիշկներն առաջարկում են հիշել այն ներդրումը, որ իրենք արել են կրթություն ստանալու, վերապատրաստվելու համար, գնահատել աշխատանքի պատասխանատվությունը և արդյունքը համադրել այժմ առաջարկվող վարձատրության հետ։

«Ես 16 տարվա ստաժով վիրաբույժ եմ։ Ես գիտեմ՝ որքան գումար եմ ծախսում ամեն տարի, որպեսզի գնամ վերապատրաստվեմ, ես գիտեմ՝ ոնց եմ իմ գիտելիքի վրա աշխատում, որպեսզի բարդություն չտամ, որպեսզի ունենամ որակ։ Հիմա տարեկան 11,000 դոլար ծախսելու պարագայում ես պետք է 1200 դրամով խորհրդատվություն անե՞մ»,– ասում է Գևորգ Գրիգորյանը։ 

Ահա մտահոգությունների հերթական շերտը. փոխվել է ոչ միայն վարձատրության չափը, այլ նաև մեթոդը։ 

Որոշ մասնագետներ նախկինում ստանում էին ֆիքսված աշխատավարձ, այսինքն՝ վարձատրվում էին ամսվա աշխատանքի, ոչ թե առանձին մարդկանց սպասարկելու համար։ Ապահովագրության համակարգը փոխել է պատկերը, սրվել է պայքարը բուժառուի համար, որովհետև որքան շատ բուժառու, այնքան շատ աշխատավարձ։ Մեծացել է մրցակցությունը, որից, սակայն, մի շարք բժիշկներ դուրս են մնում՝ անկախ իրենց մասնագիտական հմտություններից։

«Մինչև ապահովագրական համակարգի ներդրումը, օրինակ՝ գինեկոլոգը, աշխատավարձ ստանում էր ըստ կցագրված բնակչության քանակի, այսինքն՝ քանի կին կար իրան կցագրված, ըստ դրա հաշվարկվում էր իր աշխատավարձը, անկախ նրանից՝ ինքը օրական 1 կին կնայեր, 50 կին կնայեր, թե՞ 100։ Հիմա գինեկոլոգը սկսեց վարձատրվել ըստ արած խորհրդատվությունների քանակի։ Մարդը գալիս է թերապևտի մոտ, վերցնում է գինեկոլոգի բաց ուղեգիր ու մտածում՝ մեկ է՝ այստեղ էլ է նույն անվճարը, հիվանդանոցում էլ է նույն անվճարը, գնամ պրիստիժնի հիվանդանոց, որտեղ պոլիկլինիկական պայմաններ չեն, որտեղ վստահությունը մի քիչ այլ է»,- նշում է բժիշկը։

  • Բժիշկների համար՝ հերթեր, հիմնադրամի համար՝ օպտիմալ ծանրաբեռնվածություն

Բժիշկների խնդիրները կապված են վարձատրության և ծանրաբեռնվածության հետ։ Մյուս շերտում բուժառուների մտահոգություններն են․ հիմնական դժգոհությունները վերաբերում է հերթերին։

«Միշտ է հերթը եղել, հատկապես առաջնային օղակում, հիմա՝ առավել ևս։ Հիմա գրանցվում են պացիենտներն արդեն 1, 2 և ավելի ամիսներ անց ընտանեկան բժիշկների մոտ։ Ընտանեկան բժիշկի այցից հետո պետք է ուղղորդումներ ստանան նեղ մասնագետների մոտ կամ ուղեգրեր տարբեր ծառայությունների համար։ Այո, հերթերը գոյանում են»,- ասում է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայության ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Հիմնադրամը ոչ թե հերթ, այլ այցելությունների օպտիմալ քանակ է տեսնում։ Մինչև ապահովագրական համակարգի ներմուծումը հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը եղել է 40-60%։ Նորման 80%-ն է։ Առողջության պահպանման առաջնային օղակ օրական այցերը միջինում եղել է 3,1, նորման 7-7,2-ն է։

«Մարտի տվյալներով՝ ունենք շուրջ 70,000 քաղաքացի, որոնք առողջապահական համակարգի ծառայություններից առաջին անգամ են օգտվել առնվազն 9 տարիների ընթացքում։ Հայաստանում ապահովագրված անձանց թիվը մոտավորապես 1,7 միլիոն է՝ մեր բնակչության ավելի քան 55,60%-ը։ Ապահովագրվածների յուրաքանչյուր 3-րդը որևէ կերպ որևէ ծառայություն ստացել է արդեն»,- ասում է Սամվել Խարազյանը։

  • Սեփական փորձ. ինչպե՞ս է աշխատում համակարգը

Ես նույնպես ապահովագրական համակարգի շահառու եմ։ Նախորդող 4 ամիսներին բժշկական որևէ ծառայության համար չեմ դիմել, համակարգի հետ առնչությունս եղել է միայն Արմեդ հավելվածի ներբեռնումն ու ապահովագրավճարի փոխանցումը։ 

Այս հաղորդումը պատրաստելու ընթացքում որոշեցի միաժամանակ երկու խնդիր լուծել․ պարզել՝ արդյո՞ք որևէ առողջական խնդիր ունեմ և գնահատել համակարգի արդյունավետությունը, հերթերի խտությունն ու բժիշկների տրամադրվածությունը։ 

Ամեն ինչ սկսվեց թերապևտի մոտ այց ամրագրելուց։ Հետագա զարգացումներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։ 

Արուսյակ Կապուկչյան