Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.04.2026 | 16:16«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը դիմել է իր փաստաբանական թիմին՝ ուսումնասիրելու Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայց ներկայացնելու տարբերակը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսում ասաց Հակոբյանը։
«Հայտարարում եմ, որ խախտվել են իմ՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները: Մասնավորապես, Սահմանադրության հոդված համար 7-ը սահմանում է. «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»: Մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը Սահմանադրության»,- ասաց Աննա Հակոբյանը։
Նրա պնդմամբ՝ խախտվել է նաև Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը՝ ազատ ընտրական իրավունքի վերաբերյալ, ըստ որի՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:
«Խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի կարգավորումները: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի, ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը: Իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամարտահայտությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացների համատեքստում»,- ասուլիսի ընթացքում նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը։
Հակոբյանի խոսքով՝ խախտվել է նաև Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։
Աննա Հակոբյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում նման գնահատականներ չեն տրվել հիմնադրամի գործունեությանը։
«Ըստ «Անկախ դիտորդի»՝ հիմնադրամն ասոցացվում է իշխանական ուժի հետ, ուստի Ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո պետք է կասեցներ իր գործունեությունը, ապա, մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին, Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը: Այդ ամբողջ ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը Շիրակում անցկացրել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Եվ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր: Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել: Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում»,- ընդգծեց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է Վարչական դատարան և պահանջում է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկ։
«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նա պնդել է, որ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն իշխող ՔՊ խմբակցության գործող պատգամավոր է։
«Նաև անվանումով՝ «Իմ քայլը» այն դաշինքի անվանումն էր, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել էր Երևանի ավագանիում և Ազգային ժողովի ընտրություններում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։ «Իմ քայլը» բրենդ էր, որը «Քաղաքացիական պայմանագիրն» օգտագործում էր»,- նշել էր Իոաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ հիմնադրամը պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն շարունակել է։
Մանրամասները՝ տեսանյութում։