Նշվում է, որ Սադիգովի արտաքսման հանգամանքները լուրջ մտահոգություններ են առաջացնում, որ վրացական իշխանությունները գործել են անբարեխղճորեն և համաձայնության են եկել Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները շրջանցելու համար: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է հետաքննեն Վրաստանի գործողությունները և ապահովեն պատասխանատվությունը իր պարտավորությունների ցանկացած խախտման համար: Դրանք ներառում են վերադարձի բացարձակ արգելքը՝ հալածանքների, խոշտանգումների կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների ռիսկի դեպքում (չվերադարձնելու սկզբունք), ինչպես նաև պատշաճ դատավարության երաշխիքները, արդար դատաքննության իրավունքը, արդյունավետ միջոցառումը և ժամանակավոր միջոցառումների պահպանումը:

Վրաստանը պետք է նաև հետաքննի Սադիգովի արտաքսման հանգամանքները և ապահովի մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունների լիարժեք կատարումը:

«Վրացական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Սադիգովի արտաքսման կազմակերպման գործում Ադրբեջանի հետ իրենց ակնհայտ համագործակցության համար, չնայած նրա անվտանգությանը սպառնացող ակնհայտ ռիսկերին, ինչը խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները»,- ասել է Գոգիան։

Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն  Սադիգովի անվտանգությունը, որ նա կամայականորեն չի ձերբակալվի կամ հետապնդվի, և որ նա կկարողանա ազատորեն իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իր իրավունքները, այդ թվում՝ երկրից դուրս գալու իրավունքը։

Ուշագրավ է, որ ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով Վրաստանում էր։ Այն տեղի էր ունենում Ալիևի նկատմամբ քննադատական ​​հայացքներ ունեցող անկախ լրագրող Աֆղան Սադիգովի՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Վրաստանից Ադրբեջան արտաքսվելուց մեկ օր անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի